Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր հատակագծերի բացակայությունը գիտենք՝ մեր գլխին ինչեր է բերել. ունենք շենքեր, որոնց համարյա կպած գազալցակայան կա. Վարչապետ

Այսօր՝ հունվարի 13-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց համայնքներում գլխավոր հատակագծերի պահանջների վերացմանն առնչվող փոփոխությունը. «Մինչ այս՝ այն համայնքները, որոնք ներկայացնում էին սուբվենցիոն ծրագրեր, գլխավոր հատակագծերի առկայության դեպքում 5 տոկոս ավելի էր պետբյուջեի ֆինանսավորումը: Այս պահանջը հանվել է, և փոփոխությունը կարևոր է այն համայնքների համար, որտեղ խոշորացումը նոր է տեղի ունեցել, և ֆիզիկապես հնարավոր չէր լինի հաստատել գլխավոր հատակագծերը»:

Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդ փոփոխությունը պետք է խիստ ժամանակավոր լինի. «Էդ գլխավոր հատակագծերի բացակայությունը գիտենք՝ մեր գլխին ինչեր է բերել. առանց գլխավոր հատակագծերի, առանց զարգացման տեսլականի շատ դժվար է:

Մասնավոր հատվածը բողոքում է և ասում, որ իրենք ուզում են այսինչ տեղը ներդրում անել, սակայն համայնքը, կառավարությունը տարիներով իրենց առաջարկին չի պատասխանում: Շատ հաճախ դրա պատճառներից մեկը հենց գլխավոր հատակագծերի, մաստեր պլանների բացակայություն է: Մենք ունենք շենքեր, որոնց համարյա կպած գազալցակայան կա, հետո պարզվում է, որ ոչ ոք դրանում մեղավոր չէ»:

Վարչապետի խոսքով՝ քաղաքաշինությունը կարգավորում է մեր հարաբերություններն ու մտածողությունը. «Էն խառնաշփոթը, որ ունենք բոլոր ոլորտներում, մեծ հավանականությամբ բխում է քաղաքաշինությունից: Մենք բոլորս առանց նախագծերի տներում ենք ծնվում, ապրում, մեծանում, ինչն ամեն ինչի վրա ազդեցություն է ունենում: Քանի որ համայնքները նոր են խոշորանում, կարելի է այս փոփոխությանը գնալ, սակայն առանց գլխավոր հատակագծի չի կարող համայնքը զարգանալ»:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց, որ 20 համայնք միավորվել է, որոնցից, ենթադրենք, 9-ը չունի գլխավոր հատակագիծ, դրա համար է այդ կետը փոխվել. «Դրան զուգահեռ Քաղաքաշինության կոմիտեն արդեն 5 մարզն ավարտել է, մյուսներն ընթացքի մեջ են»: