Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարզերում բժիշկների պակաս կա, իսկ Երևանում նրանց թիվը միջինից բարձր է 2 անգամ». Առողջապահության հանձնաժողովը կադրային խնդիրների հետ կապված փոփոխություններ ընդունեց

«Մարզերում բժիշկների պակաս կա, իսկ Երևանում նրանց թիվը միջինից բարձր է 2 անգամ». Առողջապահության հանձնաժողովը կադրային խնդիրների հետ կապված փոփոխություններ ընդունեց
Հայաստան
13:45, 13 январь 2022
ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ներառված էր «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում էր արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող երկու ՊՈԱԿ-ները բացառությունից հանել և դարձնել պարտադիր լիցենզավորվող գործունեություն՝ բացառության մեջ թողնելով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, որը իրենից ներկայացնում է վերահսկող մարմին և կարիք չունի լիցենզավորվելու։ 

Հարակից զեկուցող՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ իրենք նախագիծը քննարկել են հանձնաժողովի հետ, իրենց առաջարկությունները հաշվի են առնվել, լրամշակվել են, և նոր առաջարկություններ չունեն։ Նախարարության կողմից լրացումները քվեարկվեցին մեկ փաթեթով, որին կողմ քվեարկեցին նիստին ներկա բոլոր անդամները։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում էլ առաջարկվում էր փոփոխություններ՝ կապված կադրային խնդիրների հետ։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ Հայաստանում բժիշկների թվաքանակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, որով միջինում նախատեսված է, որ 10 հազար բնակչի հաշվով պետք է լինի 35 բժիշկ, և Հայաստանը լիովին բավարարում է այդ ցուցանիշին, սակայն խնդիրն այն է, որ բժիշկների հիմնական մասը կենտրոնացած է Երևանում։ Երևանում 10 հազար բնակչին բաժին է հասնում 88 բժիշկ, որը երկու և ավելի անգամ նորմայից բարձր է, իսկ մարզերում այդ թիվը բավականաչափ պակաս է։ Օրինակ՝ Լոռիում 10 հազար բնակչի հաշվով կա 25 բժիշկ, Արմավիրում՝ 14, Գեղարքունիքում՝ 15,9։  

«Այսինքն՝ մարզերում մենք բժշկական օգնության հասանելիության խնդիր ունենք, որը շատ կարևոր է այն համատեքստում, որ առաջիկայում պատրաստվում ենք գնալ ապահովագրական բժշկության, և այս համատեքստում սա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք բնակչությանը պատշաճ բժշկական ծառայություն մատուցել։ Նախագծի նպատակն է, որ այն ուսանողները, ովքեր նպատակային են ընդունվում բժշկական համալսարան և անվճար հիմունքներով, այսինքն՝ տվյալ ուսանողների համար վճարում է պետությունը, որպեսզի համալսարանը պատրաստի կադրեր։ Սրանով պետությունը իր կարիքն է  ներկայացնում կադրերի և նաև պարտավորվում է տվյալ ուսանողներին գործով ապահովել»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։

Սա ենթադրում է, որ ավարտելուց հետո պետությունը այդ ուսանողներին ուղղորդելու է այն հիվանդանոցներ, որտեղ տվյալ մասնագետի կարիքը կլինի, բացի դրանից, այս անձանց համար որոշակի սոցիալական երաշխիքներ են նախատեսվել, որը կսահմանվի ենթաօրենսդրական ակտերով։ Օրինակ՝ դա կարող է լինել տրանսպորտային ծախս, կոմունալ վարձի փոխհատուցում, բնակարանային վարձավճար, որոնք կմոտիվացնեն նորանշանակ բժշկին նշանակված վայրում առնվազն երեք տարի ժամկետով իրականացնել բժշկական գործունեություն։ 

Նարեկ Զեյնալյանը նշեց նաև, որ եթե բժիշկների թվաքանակը համապատասխանում է միջազգային նորմերին, ապա բուժանձնակազմի մասով այն բավական պակաս է միջինից։ Հայաստանում 10 հազար քաղաքացուն բաժին է հասնում 56,5 բուժաշխատող, իսկ միջազգային միջինը 88 է։ 

Առողջապահության նախարարի առաջին տեղակալը նշեց, որ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր արդեն իսկ իրականացնում է, սակայն այս փոփոխությունը ևս կնպաստի համալրել այդ միջոցառումները։

Նախագծին կողմ քվեարկեցին ներկա բոլոր պատգամավորները։ Այսպիսով օրակարգը ավարտվեց։