Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի հետևանքները մեղմելու համար էլ հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամն աջակցել է Կառավարությանը. Գևորգ Պապոյան

Պատերազմի հետևանքները մեղմելու համար էլ հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամն աջակցել է Կառավարությանը. Գևորգ Պապոյան
Հայաստան
16:36, 14 январь 2022
«Ես սկզբունքորեն համաձայն եմ, որ ոչ ֆորսմաժորային իրավիճակներում, այսինքն՝ ստանդարտ իրավիճակներում,  հիմնադրամն ինքը նախաձեռնի և գնահատի, թե հավաքագրված գումարներն ինչպես պետք է ծախսի և շարունակական նաև դրա համար դրամահավաքներ իրականացնի։ Բայց այս դրամահավաքը հերթական, սովորական դրամահավաք չէր, դա պատերազմով էր պայմանավորված, և  պատերազմի հետևանքները մեղմելու համար էլ հենց հիմնադրամն ըստ էության աջակցել է  Կառավարությանը»,- այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Այնուհետև պատգամավորն ասաց, որ երբ դիտարկում են 134 միլիարդի ծախսային համատեքստում, ապա հենց սրա մասին էր խոսքը, այսինքն՝ փողը, ինչի համար հավաքվել է, վերջիվերջո հենց այդ նպատակի համար է ծախսվել։

Պատգամավորի խոսքով՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, առողջապահական ծախսերը, որոնք Կառավարությունը միայնակ չէր կարող անել կամ շատ դժվարությամբ կաներ, օրինակ՝ կգնար պարտք կվերցներ, հիմա հիմնադրամը մասամբ իր վրա է վերցրել։