Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ կարևոր հանգամանք է հաշվի առնվել, որ աջակցության ծրագրերով Արցախը չվերածվի «Փարոս» համակարգի. Մեսրոպ Առաքելյան

Շատ կարևոր հանգամանք է հաշվի առնվել, որ աջակցության ծրագրերով Արցախը չվերածվի «Փարոս» համակարգի. Մեսրոպ Առաքելյան
Հայաստան
18:26, 14 январь 2022
«Աջակցության ծրագրերի նպատակն ի վերջո Արցախում բնականոն կյանքի մաքսիմում արագ վերականգնումն է եղել, որովհետև այս աջակցության ծրագրերը սկսելու պահին, պատերազմից մի քանի օր հետո Արցախի բնակչությունը փաստացի ընդամենը մի քանի հազար էր, իսկ այս ծրագրերի շնորհիվ, անհամեստություն թող չլինի, Արցախում արդեն փետրվար-մարտ ամիսներին փաստացի բնակվում էր 120 000-ից ավելի քաղաքացի»,- այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշեց, որ աջակցության ծրագրերն ընդամենը եղել են կարճաժամկետ խնդիրներն արագ կարգավորելու համար, այսպես ասած՝ սոցիալական, պարենային խնդիրների լուծման միտում են ունեցել։ Այստեղ նաև շատ կարևոր հանգամանք է հաշվի առնվել, որ այս աջակցության ծրագրերով Արցախը չվերածվի «Փարոս» համակարգի, որի օրինակը, ցավոք, Հայաստանում դեռևս բավականին մեծ թվով ընտանիքներում պահպանվում է։

 «Հետևաբար, այս ծրագրերին զուգահեռ, քայլ առ քայլ Արցախի կառավարության կողմից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից եկամտային հարկի վերադարձի ծրագիր եղավ, աշխատանքի խրախուսման, ընդ որում, 2021 թվականին ամբողջովին Արցախի հարկային օրենսդրությունը փոխվեց, և եկամտային հարկը 13-14 տոկոսով իջավ, շահութահարկը 2-3 տարով ամբողջովին զրոյացվել է։ Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել և նաև այս պահին էլ շարունակվում են Արցախում իրականացվել՝ նպատակ ունենալով մարդկանց կայուն եկամտով ապահովելու, այլ ոչ թե ուղղակի ֆինանսավորում տալու։ Վստահ եմ՝ որոշակի ծրագրեր նաև նպաստել են, որ այսօր այդքան քաղաքացիներ շարունակում են Արցախում բնակվել»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Խոսելով նաև ԱՀ այն քաղաքացիների մասին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել էին իրենց կացարանները, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ իր գնահատականը շարունակում է մնալ այն, որ այդ մարդիկ այլ քաղաքացիների հետ գտնվում են ոչ հավասար պայմաններում, և նրանք այդ ծրագրով պետք է շարունակեն ստանալ կացարանի ծախսերի փոխհատուցման աջակցություն, այնքան ժամանակ, մինչև կունենան կացարան ԱՀ-ում։