Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ
Հայաստան
19:54, 24 март 2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ:

Պաշտպան Գրիգորյանը ողջունելով Նախարարին՝ շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով աշխատանքային քննարկման առաջարկին արձագանքելու համար:

Քրիստիննե Գրիգորյանը որպես նախաբան նշել է, որ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվող բողոք-դիմումների զգալի մասը նաև օբյեկտիվ պատճառներով վերաբերելի են հենց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասություններին: Միաժամանակ՝ ընդգծելով, որ նման հանդիպումը կարևոր է նաև տարիներ շարունակ չլուծված բարդ խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացում Նախարարության դիրքորոշումն ու դժվարություններն արձանագրելու համար:

Նախարար Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ Նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր իր առաջին հանդիպումն է Պաշտպանի հետ և ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմի զեկույցները ոչ միայն կարևոր են նախարարության քաղաքականության մշակման համար, այլ նման ձևաչափով գործընկերային աշխատակարգի սահմանումը կարող է առավել արդյունավետ դարձնել արձանագրվող խնդիրների լուծումը, որոնց շահառուն ՀՀ քաղաքացիներն են:   Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է որոշ հրատապ հարցերի վերաբերյալ նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը։ 

Հանդիպման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Նախարարին և տեղակալին ներկայացրել են վերհանված ոլորտային խնդիրները։ Պաշտպանի կողմից առանձնացվել են երեք առաջնահերթ թեմաներ: Մասնավորապես՝ քննարկվել են. 
  • Շուրջ 15 տարի ձգվող «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուներ» հասարակական կազմակերպության անդամների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքի սահմանափակումների խնդիրը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան:
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ կատարված այցի շրջանակում վերհանված խնդիրները:
  • «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման չհայտարարված այցի շրջանակներում 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի ուսումնասիրման ընթացքում կրկին վերհանված խնդիրները:  
Նախանշված ուղղություններով ՄԻՊ աշխատակազմի և նախարարության աշխատակիցների ներգրավմամբ համատեղ աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզային սոցիալական ծառայությունների գործունեությանը, հաշմանդամության կարգի սահմանման փորձաքննությունների իրականացմանը, ինչպես նաև անօթևան մնացած մարդկանց արագ և պատշաճ արձագանքման խնդիրների մասով կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ գտնելուն միտված հարցեր:

Ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ կողմերը նախանշած առաջնահերթություններով համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամություն են հայտնել: