Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում տրվել է «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական մեկնարկը

Գյումրիում տրվել է «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական մեկնարկը
Հայաստան
17:22, 26 март 2022
Գյումրիում այսօր տրվել է «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: 

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին, ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Այս ծրագիրը պետության սոցիալական քաղաքականության մեկ մաս է, ինձ համար կարևոր է որ ծրագրի մեկնարկը տրվել է Շիրակի մարզում, թիրախային մարզ է ընտրվել՝ հաշվի առնելով գործազրկության և աղքատության մակարդակը, սա մեր առաջին փոխգործակցությունը չէ Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Մենք ևս մեկ սոցիալական ուղղվածության ծրագիր արել էինք անապահով ընտանիքների համար։ Սա ինքնին կանանց հզորացման ծրագիր է, կարծում եմ, որ ցանկացած գործում աղքատության հաղթահարման լավագույն միջոցը մարդկանց կարողություններ, հմտություններ տալն է։ Ինչու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ընտրվեց, քանի որ այստեղ պահանջարկն ավելի ընդգծված է։ Ընտրել ենք խոցելի խմբերի կանանց, սրանով ցույց տալով, որ կինը հզոր է, նա շատ հմտություններ ունի, որը կարող է ծառայեցնել և հասարակության և պետության համար։ Եթե փորձը հաջողվի, ապա կկարողանանք շարունակականություն ապահովել։ Միանաշանակ չի կարելի ասել, որ նմանատիպ առանձին ծրագրերով կարելի է սոցիալական խնդիրներին ամբողջական լուծում տալ, բայց որ սա ևս մեկ լավ գործիք է, դրանում համոզված եմ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

Նշենք, որ ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Շիրակի մարզպետարանի հետ՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Ծրագրում ընդգրկվելու են Շիրակի մարզի աշխատունակ միածնող (միակողմանի ծնողազուրկ, միայնակ մոր, ամուսնալուծված անձի) ընտանիքի մայրեր։ Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝ դիմելու պահին չեն աշխատում, ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ունեն երկու և ավել անչափահաս երեխա։