Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր չափերով կաշառքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներին

Խոշոր չափերով կաշառքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներին
Հայաստան
16:42, 25 апрель 2022
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց, քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Պ. Ե-ն և նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա. Գ-ն կազմակերպության օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:

Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Կամօյլ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Գ-ն, 2021 թվականի հոկտեմբերի 21-ին իր, Պ. Ե-ի և նշված ընկերության սեփականատեր Կ. Մ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նույն օրը «Կամօյլ» ՍՊԸ գրասենյակում Կ. Մ-ի ուղղորդմամբ հանդիպել է հիշյալ ընկերության աշխատակցին և նրանից ստացել 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 476 հազար ՀՀ դրամ կաշառք:

Նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ա. Գ-ին և Պ. Ե-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պ. Ե-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով: Խոշոր չափերով կաշառք տալու համար Կ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: