Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել  նորանշանակ նախարարին
Հայաստան
11:46, 29 апрель 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է
ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ
պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին: «Պարոն
Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության
շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական: Մենք տեսել ենք շատ կոնկրետ ծրագրեր, արդյունքներ: Դրանց
մի մասի վերաբերյալ, և մյուսների վերաբերյալ էլ հույս ունենք հանրությունն առաջիկայում ավելի լայն իրազեկված
կլինի: Ահա նաև այդ թիմի անդամներից մեկը՝ պարոն Խաչատրյանը, պարոն Խաչատուրյանին փոխարինում է
նախարարի կարգավիճակով: Եվս մեկ անգամ պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Պարոն
Խաչատրյան շնորհավորում եմ Ձեզ նշանակման առիթով և համոզված եմ, որ կապահովեք ծրագրերի
շարունակականությունը, արդյունավետությունը: Պարոն Խաչատուրյան, պարոն նախագահ, համոզված եմ, որ Դուք էլ
կշարունակեք ոլորտի նկատմամբ Ձեր ուշադրությունը և կնպաստեք բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որը մենք
գործնականում միասին ենք կազմում, միասին ենք իրականացնում և միասին ենք դառնանում անհաջողություններից և
միասին ենք ուրախանում հաջողություններով», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել գնահատականների համար և նշել, որ դրանք ավելի
պարտավորեցնող են: «Նշանակված նախարարը թիմից է, և համոզված եմ, որ պարոն Խաչատրյանն ամեն ինչ կանի
սկսված ծրագրերը շարունակելու համար՝ համոզված եմ, որ նաև Ձեր անմիջական օգնությամբ, որը ես զգացել եմ այս
7 ամսվա աշխատանքների ընթացքում որպես նախարար: Այդ օգնության կարիքը միշտ կա, և Ձեր օգնությամբ կծնվեն
նոր գաղափարներ, և դրանք նույնպես իրականություն կդառնան: Մի կարևոր հանգամանք կա, որ կցանկանայի նշել,
որը նաև ինձ ոգևորել է: Դուք տվել եք ազատություն գործունեության մեջ՝ միաժամանակ նշելով, որ այդ ազատության
մեջ ամենակարևորը պատասխանատվությունն է: Եվ, որպես նախարար, ես այդ պատասխանատվությամբ եմ աշխատել՝
զգալով, որ այն ինչ-որ անում ենք, անում ենք կառավարության հետ միասին, կառավարության գաղափարների
իրականացմանն ենք նպաստում: Իսկ ինչ վերաբերում է հետագա աշխատանքին, այնպես է ստացվելու, որ ես չեմ էլ
կարող հեռու մնալ, քանի որ ես էլ պատասխանատու եմ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի համար, և
Հայաստանի Հանրապետությունում իսկապես համերաշխ մթնոլորտ ստեղծելու գործում իմ մասնակցությունը պետք է
լինի: Բոլոր դեպքերում իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանեմ, որ իսկապես հաջողություններ, նոր
ձեռքբերումներ ունենանք: Ձեր հետ միասին շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, ցանկանում եմ հաջողություններ՝
կոլեկտիվի հետ միասին: Համոզված եմ, որ մեծարգո վարչապետի հնչեցրած գնահատականների հետևանքը կլինի այն,
որ նորից կարժանանաք այսպիսի գնահատականների», - ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար. «Նախարարությունում կա
արդեն ձևավորված թիմ և շատ ճիշտ հիմքերի վրա դրված, սկսված աշխատանքներ, որի մեջ շատ մեծ
դերակատարություն են ունեցել պարոն Խաչատուրյանը, իմ նախկին կոլեգանները՝ ի դեմս պարոն Արշակյանի, պարոն
Չոբանյանի: Եթե այդ ամեն ինչը ճիշտ շարունակենք՝ վստահ եմ, որ հաջողության կհասնենք: Կարևորը շարունակենք
սկսված ծրագրերը և հետագայում արդեն կմտածենք նորերի վերաբերյալ»: