Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1200-ՄՎտ-անոց նոր էներգաբլոկը հնարավորություն կտա էլեկտրաէներգիա վաճառել Իրանին, Սիրիային, Իրաքին. «Հայկական ատոմային էլեկտրակայանի» տնօրեն. տեսանյութ

«Հայկական ատոմային էլեկտրակայանի» գործող երկրորդ էներգաբլոկի վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա հունիսի 27-ին։ Իսկ մինչ այդ ատոմակայանի չարտադրած էներգիայի բացը լրացնում են Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրող այլ կայանները։

2015թ. սկսած «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությունը Ռուսաստանի «Ռուսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության ծրագիր ունի երկրորդ էներգաբլոկի շահագործման  ժամկետի երկարացման աշխատանքների, մատակարարումների և ծառայությունների մատուցման մասին։ Ռուսաստանը մոտ 300 մլն դոլարի վարկ էր տրամադրել Հայաստանին։ 
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մովսես Վարդանյանի խոսքով՝ այդ վարկից մոտ 190 մլն դոլարն օգտագործել են՝ 2015թ.-ից սկսած երկրորդ բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացումն ապահովել են և շարունակում են որոշ աշխատանքների ավարտով մինչև 2026թ.-ը շահագործել, այնուհետև ևս տասը տարի կշահագործվի կայանը՝ մինչև 2036թ., ու կփոխարինվի նորով։ 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրեն Մովսես Վարդանյան. «Հուսով եմ՝ 2036թ. կլինի մեր նոր էներգաբլոկը, և նոր էներգաբլոկի թողարկման պայմաններում այս էներգաբլոկը պետք է կանգնի, այսինքն՝ շահագործումից դուրս գա։ Հիմա ստեղծված է հայ-ռուսական համատեղ հանձնաժողով։ Այս պահին նախնական որոշում ենք՝ ինչ հզորությամբ էներգաբլոկ կամ էներգաբլոկներ պետք է լինեն, հասկանալ՝ ինչ կարժենա բլոկը, ու դիմել կառավարությանը»։ 
 
Մովսես Վարդանյանը կարծում է, որ 1200-մեգավատանոց էներգաբլոկը Հայաստանի ներկայիս տնտեսության համար շատ է, բայց հուսով է, որ առաջիկայում մեր տնտեսությունն առաջընթաց կապրի, ինչպես նաև ընդգծեց, որ կան Հայաստանին շրջապատող՝ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող երկրներ, որոնց հետ կարելի է անցնել առևտրի, օրինակ՝ Իրանը, Սիրիան, Իրաքը։   

Ատոմակայանի տնօրենը նշում է՝ 1995թ.-ից սկսած «Հայկական ատոմային էլեկտրակայանը» մեծ համագործակցության ծրագրեր ունի և ԱՄՆ-ի, և Եվրամիության, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, և «Ռուսատոմ» կորպորացիայի հետ։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը ԱՄՆ-ի հետ համագործակցության ծրագրերով ֆինանսական օգնություն է ցուցաբերվում Հայաստանին։  

Այս պահին գործող երկրորդ էներգաբլոկի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ կայանի հովացման երկու աշտարակի վերանորոգման աշխատանքներն են ընթացքի մեջ, և հիմա ատոմակայանը Հայաստանի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով է նորոգումներ իրականացնում։ 

Մովսես Վարդանյան. «Այս պահին նոր ենթակայանի կառուցում պետք է անենք, դա նաև մեր էներգահամակարգի կարևոր օղակներից մեկը կլինի, մրցույթն առաջիկա օրերին կբացվի, աշտարակահովացուցիչների մրցույթը շահել են՝ հայկական ընկերությունն է անում աշխատանքը, առաջիկայում նոր դիզել գեներատորային կայանի մրցույթ ենք հայտարարելու։ Ռուսական 300 մլն կրեդիտից մենք օգտագործել էինք 190 մլն-ը, մնացած գումարը, որ ռուսական կրեդիտի ժամանակաշրջանն ավարտվեց, մեր կառավարությունը մեզ հատկացրեց։ Հիմա մեր կառավարության ֆինանսների հաշվին շարունակում ենք աշխատանքները»։ 

Ռուսաստանի «Ռուսատոմ» պետական կորպորացիան ատոմային էներգետիկ ոլորտում համագործակցում է և Հայաստանի, և Թուրքիայի հետ։ Հայաստանում քննարկվում է «Ռուսատոմի» հետ նոր ատոմակայանի կառուցումը, Թուրքիայում ևս «Ռուսատոմ»-ն է կառուցում ատոմակայան։ 

Մովսես Վարդանյան. «Թուրքիայում նույնիսկ ղեկավարները ռուսներն են, ընդհանրապես Թուրքիայում հիմա ինչ են անում՝ սարքում են կայանը, սկսում են շահագործումը, որոշ ժամանակ հետո պետք է գումարները հետ վերադառնան, նոր հանձնեն, դա կարող է մի 25 տարի ռուսական սեփականությունը լինել։ Թուրքերը հիմա պատրաստվում են շատ արագ տեմպով մասնագետներ ունենալ, բայց դրա համար ժամանակ է պետք։ Այնտեղ ղեկավարությունը ռուսներն են»։ 
 
«Հայկական ատոմային կայանի» տնօրենը վստահ է՝ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման համար կարող ենք շատ արագ հասցնել ունենալ լավ մասնագետներ։

Մովսես Վարդանյան. «600-700 հոգու դիմում ունենք, որ ուզում են աշխատել ատոմակայանում։ Մենք այստեղ խնդիր չունենք։ Տեսեք, մեր աշխատողները գնում են Բելառուս՝ մենք 440 մեգավատանոց բլոկ ենք, իրենք՝ 1200, շատ արագ մի քանի ամսում նույն պաշտոնով կարող են աշխատել»։
 
Նարա Մարտիրոսյան


Մանրամասն՝ տեսանյութում