Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք լավ գիտենք խաղաղության արժեքը, եւ մենք թշնամիներ չենք փնտրում»․ Արա Այվազյան

«Մենք լավ գիտենք խաղաղության արժեքը, եւ մենք թշնամիներ չենք փնտրում»․ Արա Այվազյան
Հայաստան
13:34, 29 март 2021
«Պատերազմի արդյունքները մեզ ստիպում են իրատեսական մոտենալ մեր արտաքին քաղաքական օրակարգին։ Առաջին խնդիրը հիմա պետք է լինի ՀՀ անվտանգային օրակարգը եւ ՀՀ-ի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը», - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ Կառավարության ծրագրի 2020թ․-ի կատարողականի զեկուցման ժամանակ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Այվազյանի խոսքով՝ ՀՀ-ն առավել, քան այլ երկիր, շատ լավ գիտի խաղաղության արժեքը, եւ մենք թշնամիներ չենք փնտրում։ «Ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ի շուրջ ձեւավորվի իսկապես կայուն անվտանգային մթնոլորտ»,- հավելեց Արա Այվազյանը։ 
Շիրակ Թորոսյանը ասաց, որ անկախ մեր մոտեցումից՝ հիմա թշնամական իրավիճակում ենք․ «Մեր անվտանգային համակարգի համար պետք է նոր գործողությունների գնանք՝ տարածաշրջանային երկիր դառնալու նպատակով։ Տարածաշրջանում կան երկրներ, որոնց հետ մենք ընդհանուր շահեր ունենք։ Սա է իմ ասածը։ Պետք է վերանայենք հարաբերություններն այն երկրների հետ, որոնց պարագայում ոգեւորվել էինք։ Օրինակ՝ Իսրայելը, բայց տեսանք, թե ինչ վարքագիծ նա դրսեւորեց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո։ Ուստի մենք պետք է տեսանելի դիրքորոշում ցուցաբերենք»։ 
Արա Այվազյանն արձագանքեց․ «Դաշնակիցներ ձեռք բերելիս նախ մարտահրավերների ընդհանուր ըմբռնում պետք է ունենանք։ Մենք շատ ակտիվ եւ առարկայական ներգրավվածություն ունենք գործընկերների հետ՝ տարածաշրջանային եւ ոչ միայն։ Կարծես թե կա ըմբռնում, որ մարտահրավերներն առարկայական են դարձնում մեր մղումը։ Ինչ վերաբերում է ոգեւորությանը, կարծում եմ՝ երկրների հետ հարաբերություններում այն տեղին չէ։ Եթե առաջանում է սպառնալիք, դա նաեւ մեր աշխատանքի թերացումն է։ Ձեր նշած երկիրը նաեւ այլ շրջանակներում է կարեւոր գործոն, որը մենք չենք կարող անտեսել»։