Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին

Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին
Հայաստան
13:17, 17 июль 2022
Արագածոտնի մարզում հաճախ են մարզի բնակիչներին համախմբում մշակութային տոնակատարությունների շուրջ։ Այդ միջոցառումներից մեկը Թալինի օրն է, որը, տեղացիների որոշմամբ, նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ շաբաթ օրը։

Հուլիսի 16-ին Թալինի հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը, թալինցի  լինելու հպարտությունն արտահայտելու լավագույն առիթն էր՝  Թալինի օրը, որը նշանավորվեց գունեղ միջոցառումներով։

Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորրյանը, Թալին  համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։  
 
Տոնակատարության օրակարգը հագեցած էր․ քաղաքի կենտրոնական փողոցները ողողված էին վառ գույներով՝ ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, գեղարվեստական կատարումներ, ամենուրեք ջերմ մթնոլորտ էր։
 
Միջոցառումը պաշտոնապես ազդարարվեց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետև պետական այրերն այցելեցին Թալինի գերեզմանատուն և գլուխ խոնարհեցին Արցախյան պատերազմների հերոսների շիրիմների առջև։ Հաջորդ կանգառը պատմական հին հուշարձան համարվող Կաթողիկե եկեղեցին էր, որտեղ տոնակատարության մասնակիցներն ունկնդրեցին Թալինի երաժշտական դպրոցի սաների կատարումները։ Քայլերթով դեպի քաղաքի կենտրոնական  հրապարակ տանող ճանապարհին մարզպետը ծանոթացավ թալինցի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներին։

Տոնակատարության հիմնական մասը հրապարակում էր՝ ազգային և  ժամանակակից պարերի, երգերի համադրությամբ։ Հրապարակում ներկաներին ողջունեց  Տավրոս Սափեյանը՝ ընդգծելով, որ թալինցու համար այս տարի  Թալինի օրը նշելը սպասված էր, քանի որ վերջին տարիներին այն չի նշվել պատերազմի և համավարակի պատճառով։ 

Շնորհավորելով համերկրացիներին՝ համայնքի ղեկավարը հորդորեց շատ սիրել Թալինը, նպաստել նրա զարգացմանը։ Այս համատեքստում նա շնորհակալագրեր հանձնեց Թալինի զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ այդ թվում՝ ճարտարապետների, տարբեր նախաձեռնությունների հեղինակների,երիտասարդների։

Տոնը շարունակվեց երաժշտական ուրախ նոտաներով, ազգագրական երգ ու պարով, որին միացան մասնակիցները։ 

Թալինի օրն ամփոփվեց շքեղ հրավառությամբ։