Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի գույքը կներդրվի «Տ-Մետալ» ընկերության կանոնադրական կապիտալում

«Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի գույքը կներդրվի «Տ-Մետալ» ընկերության կանոնադրական կապիտալում
Հայաստան
10:11, 22 июль 2022
«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ համաձայնություն ստանալու ընկերության գույքը «Տ-Մետալ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ներդնելու գործարքի կնքման համար: Համապատասխան նախագիծը ՀԾԿՀ-ն կքննարկի ս.թ. հուլիսի 20-ի նիստում, որը կմեկնարկի ժամը 11:00-ին: 
Խոսքը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 8.31309 հեկտար մակերեսով հողատարածքի վրա գտնվող գլխավոր մասնաշենքի՝ կաթսատուրբինային արտադրամասի շենքի, այդ տարածքում գտնվող շարժական գույքերի և վարչակենցաղային մասնաշենքի մասին է: Որոշման նախագծում նշված է, որ գործարքի համաձայնեցման մերժման համար հիմքերը բացակայում են:
Նշենք, որ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն 100% բաժնետոմսերով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին, որը գլխավորում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: «Տ-Մետալ» ՓԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալում նախատեսվում է ներդնել ընկերության գույքը, ստեղծվել է 2022 թ-ի հունվարի 21-ին: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերության 100 % բաժնետերը ՀՀ քաղաքացի Արա Տոնոյանն է: