Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակադեմիական քաղաքի ստեղծումը լավ գաղափար է, բայց Հայաստանի համար դեռ վաղ է, հիմնարար խնդիրները այդ տեղափոխությամբ չեն լուծվի. կրթության փորձագետ

Ակադեմիական քաղաքի ստեղծումը լավ գաղափար է, բայց  Հայաստանի համար դեռ վաղ է, հիմնարար խնդիրները այդ տեղափոխությամբ չեն լուծվի. կրթության փորձագետ
Հայաստան / Գիտություն
19:57, 01 сентябрь 2022
Civic.am-ի զրուցակիցն է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

- Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան։ Կառավարության նիստում այսպիսի համոզմունք է հայտնել վարչապետը։ Արդյոք զարգացման ծրագիրը տալի՞ս է այդ երաշխիքները։ Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ։ 

 - Գնահատելի է, որ այս Կառավարությունը համեմատաբար ավելի մեծ գումարներ է ներդնում կրթության ոլորտում։ Դա ակնհայտ և անհերքելի փաստ է, բայց ես լուրջ մտահոգություն ունեմ՝ արդյոք այս ծրագիրը ավելի որակյալ կրթություն կապահովի՞։ Ցանկացած զարգացման ծրագիր, որպեսզի արդյունք տա, պետք է բոլոր խաղացողները հավատան դրան։ Այսինքն՝ եթե ընդունել ենք զարգացման ծրագիր, պետք է և՛ ուսուցիչները, և՛ դասախոսները, և՛ տնօրենները, և՛ ռեկտորները, և՛ ՀԿ-ները, և՛ միջազգային գործընկերները այդ ծրագրին հավատան։ Իսկ այժմ տպավորություն է, որ Կառավարությունն առանձին իր համար կրթության զարգացման ծրագիր է մշակել, իսկ Կառավարությունն ինքն իրենով չի կարող նման հավակնոտ նպատակների հասնել։ 
 
- Ուսուցիչների «ծիծաղելի աշխատավարձերը» բարձրացնելու նպատակով
Կառավարությունը որոշել է՝ ամեն  5տարի մեկ ատեստավորում անցած ուսուցիչները հնարավորություն կունենան նորից ատեստավորում անցնելու և բարձրացնելու աշխատավարձը, իսկ մի քանի տարի կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները այլևս չեն կարող աշխատել որպես ուսուցիչ։ Ի՞նչ դիտարկումներ կարող եք անել այս առնչությամբ, եթե վերջին տարիներին մենք լուրջ խնդիր ունենք  և՛ մանկավարժական մասնագիտության,  և՛ դպրոցները մանկավարժներով համալրելու։

- Ուսուցչի աշխատանքի գրավչությունը միայն ֆինանսական խնդիրներից չի կախված։ Մարդիկ չեն ցանկանում ուսուցիչ աշխատել, և այս իրավիճակում խստացնել ուսուցչին ներկայացվող որակավորման պահանջները, կարծում եմ՝ դեռ վաղ է։ Դրա համար առաջին հերթին պետք է քայլեր անենք ուսուցչի աշխատանքը գրավիչ, ցանկալի դարձնելու համար, նոր հետո խստացնենք պահանջները։ Լուծումն այն է, որ նախ բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրացվի նորմալ մակարդակի, ոչ թե 10-20 տոկոսով, ապա քայլեր ձեռնարկել ոչ ֆինանսական հարցերից կախված խնդիրները լուծելու ուղղությամբ և հետո միայն  լրացուցիչ գումարի հնարավորություն տվող ատեստավորման հարց բարձրացնել։ Իսկ բոլոր ուսուցիչների աշխատավարձերի էական բարձրացման արդյունքն այն կլինի, որ ավելի շատ մարդ կցանկանա ոլորտում լինել, ուսուցիչները ստիպված չեն լինի լրացուցիչ այլ աշխատանքով զբաղվել, ջանքերը ներդնել այլ աշխատանքի մեջ՝ ավելի քիչ ժամանակ ու ջանք տրամադրելով ինքնակատարելագործմանը։ 
 
Ի դեպ, միջազգային փորձում եղել է նման բան, երբ խստացվել է ուսուցիչներից պահանջվող մասնագիտական որակները, և բախվել են նրան, որ կորել է մոտիվացիան, ու նույնիսկ դեֆիցիտ է առաջացել։ Բացի դրանից, մյուս կողմից՝ եթե հանենք ատեստավորում չանցած ուսուցչին, վերջինիս փոխարեն նոր մասնագետ ընդունենք, մենք ի՞նչ երաշխիք ունենք,  որ այդ մասնագետը որակապես լավը կլինի, գուցե ավելի վատը լինի։ Ուստի պետք է աշխատել ուսուցչի աշխատանքը ցանկալի դարձնելու ուղղությամբ։ Մարդկանց սկզբում գրավում է մեկնարկային աշխատավարձի չափը, ոչ թե ցածր աշխատավարձով ընդունվելու, բայց ապագայում բարձրացնելու   անորոշ հնարավորության հանգամանքը։
 
- Կամավոր ատեստավորման  փորձարկումից հետո այս տարվա ցուցանիշները ի՞նչ են վկայում։

- Դրական դինամիկան շատ փոքր է, որովհետև առաջին տարում ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների ճնշող մեծամասնությունը, իմ համոզմամբ՝ մոտ 90 տոկոսը, կրկնուսույցներ են, ովքեր աշխատում են ամսական 500.000 դրամից մինչև 2 միլիոն գումար, հետևաբար ատեստավորման 300 հազարը իր համար էական նշանակություն չի ունենալու և չի կարող իր դասավանդման որակի վրա դրական ազդել։ Եթե մանկավարժը չլինի կրկնուսույց, իր համար կարող է մեծ նշանակություն ունենալ։ Մյուս կողմից՝ կան բաներ, որ փողով չեն որոշվում։ Դու կարող ես մարդուն շատ գումար տալ, բայց ինքը դրա շնորհիվ ավելի լավ չաշխատի, որովհետև շատ բաներ ընդունակությունների հետ են կապված։ Ստացվում է, որ ուսուցչից պահանջում ենք նույնը անել, բայց ավելի բարձր վարձատրել։
 
Կամավոր ատեստավորումը  լավ բան է, բայց պետք է պետությունը լավ հաշվարկ անի՝ եթե այսքան գումար է ներդնում, ստանալո՞ւ է ծախսածի համեմատ բավարար արդյունք ու որակ։ Ես կասկածներ ունեմ։ Ամեն դեպքում, դա կարևոր հարց է, որովհետև տարիներ հետո մասնագետները, հասարակաությունն էլ հարցնելու են՝ տասնյակ միլիարդ ներդրել եք, ինչո՞ւ է այս վիճակում կրթության ոլորտը, այսինքն՝ իշխանության վարկանիշի հա՞րց էիր լուծում։ 

- Ըստ վարչապետի՝ Հայաստանում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ: «Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ», Կառավարության նիստում ասել է  վարչապետը։ Ըստ այդմ՝ Կառավարությունը մտադիր է բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում 8 պետական բուհ կլինի։ Դրանք լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին։ Միավորվող և նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։ Այն կլինի Աշտարակ քաղաքում։ Ինչպե՞ս կգնահատեք։

- Անդրադառնալով ակադեմիական քաղաքի ստեղծմանը՝ ասեմ, որ դա բավականին դրական գաղափար է, որովհետև ստեղծվելու են սովորելու ընդհանուր միջավայր, համալսարաններ, կեցավայրեր, սննդի և ժամանցի կետեր, օգտվելու են նույն տրանսպորտային միջոցներից, դա կարող է նաև դրական ազդել կրթության որակի վրա, բայց մեր հնարավորությունների տեր երկրի համար արդյոք դա կարո՞ղ է ձեռնտու լինել։  

Հակառակը՝ մեզ նման աղքատ երկրների համար ավելի ձեռնտու է այժմ գործող վիճակը, որովհետև և՛ ուսանողների, և՛ դասախոսների համար ավելի հեշտ է Երևան հասնել, իսկ Աշտարակ անհամեմատ դժվար է լինելու երթևեկել։ Ես կարծում եմ՝ Հայաստանի համար դեռ վաղ է այդպիսի ծրագիր իրագործել, որովհետև  մենք շատ ավելի կարևոր և հիմնարար խնդիրներ ունենք լուծելու, և առանց դրա դժվար է պատկերացնել էական արդյունքի մասին։ Տեղափոխությամբ՝ դասախոսների, ուումնառության որակը չի կարող փոխվել։ Դեռ վաղ է Հայաստանի համար, ուրիշ բան, եթե կան պատրաստակամ ներդնողներ, այդ շենքերի վաճառքի գումարով չենք կառուցելու նորերը։ Բացի դրանից՝ հեշտ չի լինելու բուհերը օպտիմալացնելու, միավորելու գործընթացը։ Հիշենք՝ բացի պետական համալսարանից, որ բազմապրոֆիլ է, մնացած բուհերը մասնագիտական են,  և դժվար է լինելու միավորելը։ 

- Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Բացի դրանից՝ դպրոցների տեխնիկական պայմանները բավարար չեն։ Կառավարության որոշմամբ՝ մինչև 2026թ. 300 դպրոց և 500 մանկապարտեզ են կառուցվելու և վերակառուցվելու։ Այս ծրագիրը, ըստ Փաշինյանի, կդառնա գյուղերի վերածննդի առանցքային գործոն։  Ինչպե՞ս կգնահատեք։

- Ես չգիտեմ այդքան ուսումնական կենտրոներ կառուցելու կամ նորոգելու համար անհրաժեշտ ահռելի գումարը ինչպե՞ս ենք ապահովելու, սակայն միանշանակ շատ լավ նախաձեռնություն է։ Հիմնական խնդիրները չի լուծի, բայց դրական ազդեցություն ունենալու է ուսումնառության   վրա։
 
 Թամարա Ղազարյան