Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին
Գիտություն
11:47, 28 июль 2022
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասաց, թե կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թվականների համար: Կրթության զարգացման հաջորդ պետական ծրագիրը մշակվել և ՀՀ կառավարություն էր ներկայացվել 2017 թվականին, որից հետո այն վերադարձվել էր լրամշակման:

«Ներկայում հետպատերազմյան իրադրությունը և Քովիդ-19 համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը, և դրանք զարգացման պետական ռազմավարական փաստաթղթով ամրագրելը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «6.10 Պետական ծախսեր» բաժնի 3-րդ պարբերությամբ  սահմանված է, որ ծախսերի նպատակայնության բարձրացման առումով անցում է կատարվելու ռազմավարական պլանավորման. վերանայվելու են առկա ռազմավարությունները, վերջիններս և մշակվելիք ռազմավարական բոլոր փաստաթղթերը համակցվելու են ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և ամենամյա ծրագրային բյուջեի հետ»,  - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Հիմք ընդունելով առկա մարտահրավերները և կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները` նախագծում սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:

Նախագծով նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակամղվածություն, որակ, արդյունավետություն և արդյունավորություն:

Կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն` ըստ սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասաց, թե նախագիծը բավականին ծավալուն է ու շատ կարևորագույն կետեր կան, որոնց անդրադառնալու համար կառավարության նիստը չի բավարարի:

«Առաջիկայում նախագիծն ուղարկելու ենք Ազգային ժողով ու հնարավորություն ենք ունենալու շարունակել քննարկումները», - ասաց նա: