Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մովսես Հակոբյանի հրամանով Եղնիկներից պետք է նահանջեին, ինչի արդյունքում հակառակորդը կկարողանար թիկունքից հարվածել Քարվաճառին ու Մարտակերտին․44-օրյա պատերազմի մասնակից

Մովսես Հակոբյանի հրամանով Եղնիկներից պետք է նահանջեին, ինչի արդյունքում հակառակորդը կկարողանար թիկունքից հարվածել Քարվաճառին ու Մարտակերտին․44-օրյա պատերազմի մասնակից
Հայաստան
12:47, 15 апрель 2021
44-օրյա պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել․

Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը և իր կայացրած որոշման արդյունքում է, որ դա տեղի չի ունեցել: 

Կարծում եմ եկել է ժամանակը, որ հասարակության լայն զանգվածներն իմանան այդ օրերին Եղնիկներում տեղի ունեցածի մասին ողջ իրողությունը: 

Սեպտեմբերի 29-ից «Քեռու» ջոկատը, որի ենթակայության տակ նաև ես էի, տեղակայվել էր Եղնիկների և Մատաղիսի թիկունքում գտնվող «Վահե 1» և «Վահե 2» կամուրջների մոտ՝ խնդիր ունենալով պաշտպանել դրանք հակառակորդի հնարավոր դիվերսիոն հարձակումներից: Պատերազմի առաջին օրերին հակառակորդին հաջողվել էր գրավել Թալիշը և մտնել թիկունք՝ ունենալով որոշակի առաջխաղացում Եղնիկների պաշտպանության տեղամասում և գրավել Արեգասարը: 

7-րդ ՊՇ հրամանատարության կողմից կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող բարձրունքի հակագրոհի մի քանի փորձեր արդեն արվել էր, սակայն չէր հաջողվել ամրանալ բարձունքին: Թալիշը վերցնելուց հետո հակառակորդը զարգացրել էր հաջողությունը և անցել 6-րդ ՊՇ-ի թիկունք, ինչի հետևանքով հոկտեմբերի 2-ին Մադաղիսի զորքը, ինչպես նաև այնտեղի «մոբը» ու ՀՅԴ կամավորականները սկսեցին նահանջել դեպի Մաղավուզ և Մարտակերտ: 

Մեր ջոկատը, տեղակայված լինելով «Վահե 1» կամրջի մոտ, մինչև վերջին պահը՝ հոկտեմբերի 3-ը, ապահովվեց նահանջը և ամենավերջինը հետ քաշվեց այնտեղից: «Վահե 2»-ում մեզ հանդիպեց 7-րդ ՊՇ հրամանատարը՝ Քյոխը, ով մինչև այդ գնացել էր Ստեփանակերտ և Մատաղիսի հետ քաշվելուց հետո ուժեր էր խնդրել նախագահից, որպիսի կարողանա պահել Եղնիկների թիկունքը: Սակայն այդ ուժերը չէր ստացել, և Մովսես Հակոբյանի հրամանով Եղնիկների նույնպես պետք է նահանջեին, ինչի արդյունքում հակառակորդը միանգամից կհայտնվեր Մաղավուզում և կկարողանար թիկունքից հարվածել Քարվաճառին ու Մարտակերտին, որն էլ իր հերթին կվճռեր պատերազմի ընթացքը:

Մատաղիսի անկումը բարոյահոգեբանական առումով վատ ազդեցություն էր ունեցել նաև Եղնիկների համար և որոշակի խուճապ էր ստեղծվել: Փաստացի, եթե հակառակորդը այդ պահին Մատաղիսի կողմից հարձակվեր, Եղնիկների թիկունքն այդ պահին պահում էր միայն «Քեռու» ջոկատը: 

Հրամանատարի հետ նահանջելու վերաբերյալ վեճիբանությունից որոշ ժամանակ անց 2 մեքենայով «Վահե 2» եկավ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա   մեքենայից իջնելով նախ զարմացավ, որ այնտեղ դեռ զորք կա, որը չի մատնվել խուճապի և չի փախել: Նրա առաջին հարցը եղավ հետևյալը. «նահանջու՞մ ենք, թողնու՞մ ենք մեր հայրենիքի այս հատվածը թուրքին, թե՞ մնում ու կռվում ենք», ինչին մենք պատասխանեցինք, որ մնում ենք: Ավելի ուշ այնտեղ ժամանեցին որոշ ստորաբաժանումներ և մեր ջոկատի հետ ապահովեցին Եղնիկների թիկունքը: 

Եթե մեկը կա, ով կանգնեցրել է 7-րդ ՊՇ նահանջը, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ «Քեռու»ջոկատը և Հարությունյան Արայիկը: Գալու է ժամանաը, երբ 44-օրյա պատերազմի մասին հայտնի կդառնա ողջ ճշմարտությունը: