Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի վերագործարկված «Արփի վայն» գործարանը բարձր գնով ընդունում է Արենի տեսակի խաղող, որն աճում է միայն Վայոց ձորի Արենի համայնքում․ տեսանյութ

ՀՀ կառավարության, էկոնոմիկայի նախարարության և մարզային իշխանությունների ջանքերով մարզերում ամեն տարի հիմնադրում են նոր գործարաններ կամ վերազինում և վերագործարկում հները։ Այդպիսի գործարաններից է Վայոց ձորի Արենի խոշորացված համայնքի Արփի բնակավայրում գործող «Արփի վայն» գինու գործարանը։ Այն  հիմնադրվել է 1998 թվականին, որոշ ժամանակ չի գործել, իսկ 2022-ին վերագործարկվել է։ 

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խոսքով՝ իրենց մարզը հայտնի է գինեգործությամբ, խաղողագործությամբ և տուրիստական պոտենցիալով, իսկ «Արփի վայն» գործարանը նաև այդ պոտենցիալի մեջ գինեգործական ավանդույթներով գինի է արտադրում։ 

««Արփի վայն» գործարանը կառավարության ծրագրերի շնորհիվ  զարգացող գործարաններից մեկն է, որը հիանալի գինիների տեսականի է արտադրում, այստեղ մարզի կյանքում էական դեր է փոխվել՝ այն առումով, որ արդեն մեկ տարի գործում է գործարանը։ Գործարանը մարզի կյանքում երկու կարևոր դեր ունի՝ և որպես տուրիստական կենտրոն, և որպես գինեգործության արտադրության համար կարևոր կենտրոն։ Մենք ունենք առաջին մթերումը, և այս պայմաններում արդեն բարձր գներով «Արփի վայն» գործարանը ընդունում է Արենի տեսակի խաղող, որը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում միակ տեսակի խաղողն է, որն աճում է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում»,- ասաց մարզպետը։

Վայոց ձորի մարզպետը նաև հավելեց, որ այժմ իրականացնում են խաղողի մթերում. «Խաղողի մթերումը անմիջապես կապված է գյուղատնտեսության զարգացման հետ, սկսել ենք արդեն խաղողի մթերումը, մոտ 120 տոննա խաղող ենք նախատեսում մթերել։ Արդեն գյուղացին գիտի՝ առանց որևէ քաշքշուկի մոտենում է, իր խաղողը հանձնում է, ստանում է գումարը, և մյուս առումով տուրիստներ ենք նաև ներգրավում, այսինքն՝ տուրիստական միջավայրի համար՝ ինչպես ներգնա տուրիզմի, այնպես էլ արտագնա, դարձրել ենք գրավիչ կենտրոն»։ 

«Արփի վայն» գործարանի գլխավոր գինեգործ Արամ Մանուկյանը նշեց, որ խաղողի մթերումը նոր է սկսվել, և այս պահին խնդիրներ չունեն, իսկ առավելագույնը կարող են մթերել 150 տոննա խաղող։ «Գործարանը հիմնադրվել է 1998 թվականին, վերաշահագործվել է 2022 թվականին։ Հիմնականում այս տարի ընդունում ենք Արենի սորտի խաղող՝ Աղավնաձոր, Արենի գյուղից, տեղի Արփի գյուղից»։ Հարցին, թե որքանո՞վ են մթերում խաղողը, գործարանի գլխավոր գինեգործը պատասխանեց՝  230 դրամով։

Աննա Դեինյան