Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմից հետո սահմանապահ դարձած Ներքին Խնձորեսկ տանող գրեթե անանցանելի ճանապարհը կհիմնանորոգվի. ՔՊ պատգամավորները այցելել են Սյունիք, հանդիպել գյուղացիների հետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Դավիթ Առուշանյանը, Հայկ Ցիրունյանն ու Նարեկ Ղահրամանյանը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, այցելել էին Սյունիքի մարզ։ Պատգամավորները այցելել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու պատճառով ճանապարհին մնացած արցախցիներին, ապա եղել են նաև Գորիսի Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ համայնքներում, որտեղ հանդիպել են համայնքի բնակիչների հետ։ 

Հանդիպման ընթացքում Արմեն Խաչատրյանը գործընկերներին ներկայացրեց համայնքում տարիներով կուտակված խնդիրները, լսեցին նաև վարչական շրջանի ղեկավարին և բնակիչներին։ Խաչատրյանն ասաց, որ վարչական շրջանի ղեկավար Երվանդ Մալունցը ամենօրյա կապի մեջ է իրենց հետ, ներկայացրել է համայնքում առկա խնդիրները, որոնք ավելի են սրվել արցախյան երկրորդ պատերազմից հետո։

Նշենք, որ համայնքը պատերազմում պարտությունից հետո դարձել է սահմանապահ՝ ադրբեջանական դիրքերի ուղիղ դիտարկման տակ։

Բնակիչներին հուզող թիվ մեկ խնդիրը գյուղ բերող շուրջ 7-կիլոմետրանոց ճանապարհի քարուքանդ վիճակն է։ Խաչատրյանը նշեց, որ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, և վստահություն հայտնեց, որ ճանապարհը կհիմնանորոգվի։

Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել Սյունիքի բոլոր ճանապարհները բերել բարեկարգ վիճակի։

Ավետիսյանն ասաց, որ Ներքին Խնձորեսկի ճանապարհի տեխնիկական առաջադրանքը շուտով պատրաստ կլինի, և կհայտարարեն նախագծման մրցույթ։

Ճանապարհի հիմնանորոգումը համայնքի համար կարևոր է նաև այն պատճառով, որ դպրոցի ուսուցիչների մի մասը Ներքին Խնձորեսկ գալիս են Խնձորեսկից և Գորիսից, իսկ այդ ճանապարհով անգամ տաքսիներն են հրաժարվում երթևեկել, և գյուղ, դպրոց հասնելը խնդրահարույց է։
Բնակիչները բարձրացրին նաև գյուղի հողերի հարցը։ Նախկին գյուղապետը սեփականացրել է գյուղի հողերից 200-230 հա հողատարածք։ Դեպքով քրեական գործ կա հարուցված։

Բնակիչները պատգամավորներին առաջարկեցին համայնքում բրիկետների արտադրամաս հիմնել, որը կլուծի թե՛ գյուղի ջեռուցման խնդիրը,, թե՛ որոշակիորեն նաև աշխատատեղերի հարցը։ 

Ներքին Խնձորեսկի դպրոցն ունի 26 աշակերտ։  Տնօրեն Անուշիկ Գրիգորյանը ևս դպրոցի համար առաջնային խնդիր է համարում գյուղ տանող ճանապարհը, քանի որ դպրոցի բոլոր ուսուցիչները Խնձորեսկից և Գորիսից են գալիս։ 

Դպրոցը չունի նաև սպորտդահլիճ. նիստերի դահլիճն է օգտագործվում թե որպես սպորտդահլիճ, թե որպես միջոցառումների իրականացման սրահ՝ գյուղացիների համար։

Վարչական շրջանի ղեկավար Երվանդ Մալունցը նշում է՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո համայնքը դարձել է սահմանապահ՝ մի քանի հարյուր մետր է իրենց բաժանում ադրբեջանցիներից։

Համայնքում այս պահին 6 տուն է կառուցվում՝ Արցախից տեղահանված և գյուղի երիտասարդ ընտանիքների համար։

Պատգամավորները այցելեցին նաև Խնձորեսկ։ Համայնքապետարանում կայացած հանդիպման ժամանակ գյուղացիները պատգամավորներին ներկայացրին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական հարձակման պատճառով կորցրած անասնագլխաքանակի հետ կապված խնդիրները։

Վովա Հակոբյան