Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը և Արցախը ՄԱԿ-ում պիտի նաև «անջատում՝ հանուն փրկության» բանաձևը դնեն շրջանառության մեջ. քաղաքագետ

Հայաստանը և Արցախը ՄԱԿ-ում պիտի նաև «անջատում՝ հանուն փրկության» բանաձևը դնեն շրջանառության մեջ. քաղաքագետ
Հայաստան
16:51, 20 декабрь 2022
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա  ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ 

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում, հայտնելով իր տեսակետը, քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանն ասաց՝ ակնհայտ է, որ Հայաստանն այս քայլին դիմել է ստիպված, որովհետև մենք տեսանք, որ Հայաստանն ամեն դեպքում փորձում է հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությանը, դա այն հայտարարությունն է, որի հովանավորը Ռուսաստանն է և չի  կատարում, հետևապես սա ճարահատյալ քայլ է, բայց նորմալ է, օբյեկտիվորեն սա այսպես էլ լինելու էր, Ռուսաստանի նպատակը կոնֆլիկտ հրահրելն է։   

«Դժվարանում եմ ասել, թե սա ինչ կտա մեզ, բայց գործընթացն ինքնին շատ կարևոր է, Արցախի հարցը բերվում է համաշխարհային հանրության աչքի առաջ, և սա լավ է, սա այն է, ինչ որ Հայաստանի վատթարագույն անցյալի ներկայացուցիչներն ասում են՝ բան չեք անում, և հարցի սրանից ավելի մեծ միջազգայնացում կարծում եմ՝ չկա, և ՄԱԿ-ի միջոցով հնարավոր է հարցը քննել, գուցե ոչ այս պահին, բայց եթե այսպիսի աշխատանքները շարունակվեն, կարծում եմ՝ միջազգային ներգրավվածությամբ խաղաղապահների մանդատի հարցը կարող է արագ դրվել օրակարգ։ Սա դրան նպաստող բան է։ Կարևորը գործընթացն է, որը ցույց է տալիս, որ Արցախի հարցը դառնում է համաշխարհային հանրության օրակարգի հարց, որը  թեկուզ արդյունք էլ չտա, բայց անուղղակի անվտանգության նվազագույն երաշխիք է Արցախի համար»,- ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

Նա նշեց, որ Հայաստանը և Արցախը ևս կարող են Արցախի հարցում բանաձևը փոխել, որովհետև միտումները ցույց են տալիս, որ դրա հնարավորությունը կա, այսօր ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային հանրության մոտ, նաև Ռուսաստանի մոտ այդքան լեգիտիմություն չունի, չնայած որ դա շատ ուժեղ իրավունք է։ 

«Այս շրջափակումը, Արցախի սառեցումը միգուցե նաև Ռուսաստանից որդեգրված գոլոդամոռ է, վաղը-մյուս օրն այնտեղ սննդի խնդիր է լինելու։ Հայաստանին և Արցախին բոլոր հիմքերը  կտան բանաձևը փոխելու և այստեղ օգտագործելու անջատում՝ հանուն փրկության բանաձևը։ Եվ կարծում եմ՝ Հայաստանը և Արցախը ՄԱԿ-ում պիտի նաև այդ բանաձևը դնեն շրջանառության մեջ»,- ասաց քաղաքագետը։  

Խոսելով նաև առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման հայտարարության մասին՝ քաղաքագետն ասաց, որ ենթադրում է՝ սա Շառլ Միշելի հետ համաձայնեցված ինչ-որ բան է, որովհետև ամեն դեպքում սահմանազատում, սահմանագծում պիտի լինի, որը նաև նախաձեռնել է Շառլ Միշելը, և իրեն օբյեկտիվ ինֆորմացիա է պետք: Ակնհայտ է, որ Շառլ Միշելը և ԵՄ-ն հաստատ ոչ Ռուսաստանից, ոչ Թուրքիայից, ոչ էլ Ադրբեջանից սահմանների վերաբերյալ օբյեկտիվ ինֆորմացիա չեն ստանալու, որովհետև այս եռյակը սուլթանական ռեժիմների է նման, որոնք թքած ունեն միջազգային իրավունքի վրա և շարունակում են այդպես էլ գործել։

«Հիմա, եթե ԵՄ-ն նոր առաքելություն ուղարկի, շատ կարևոր է՝ ինչ կազմով, ինչ մասնագետներով։ Եթե լինեն շատ կոնկրետ մասնագետներ,  ապա իրենք կստանան շատ օբյեկտիվ ինֆորմացիա՝ նաև հետագայում սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար։ Բայց միևնույն է՝ դա ևս առանձին անվտանգության որոշակի բարձրացման հնարավորություն է մեզ համար»,- ասաց քաղաքագետը։

 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ուրախ է Ռումինիայի, Հունգարիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև կնքված էներգետիկ համաձայնագրի համար, ու որ այն մեծ շեշտադրում է դնում վերականգնվող էներգիայի վրա: 

Այս առնչությամբ Հայկ Սուքիասյանն ասաց, որ սա Հայաստանի հետ հարաբերություններում ընդհանրապես էական չի, ու թեև նրանց համար գազը, էներգիան կարևոր են, բայց Ադրբեջանի ներգրավվածությունը այդ իմաստով 0,01 տոկոս է, հետևապես պետք չէ չափազանցել, իսկ Հայաստանն աշխարհին գրավիչ է իր ժողովրդավարական հմայքով, եթե իհարկե շարունակելու է պահել։ Բայց մյուս կողմից էլ՝ քաղաքագետն առաջարկում է պահանջը ձևակերպել և ՀՀ իշխանություններից հարցնել, թե ինչու Հայաստանը չկա այդ համաձայնագրում։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այն հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանային այս իրավիճակում ՀԱՊԿ կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են, Հայկ Սուքիասյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը հիմա 40-րդ անգամ չի կատարում իր պարտականությունը, «եկեք մենք ևս 41-րդ անգամ սպասենք, որ ինքը չանի, ՀԱՊԿ-ի նպատակը անվտանգությունը չի, ՀԱՊԿ-ի նպատակը տարածաշրջանը Ռուսաստանի հրամանով պահելն է այս վիճակում, որտեղ Ռուսաստանը կունենա մանևրելու հնարավորություն, որտեղ Ռուսաստանը կունենա հերթական մանրադրամ՝ իր գրպանում, ինչպես ինքն է կարծում՝ Արցախը և Հայաստանը իր համար, Թուրքիայի հետ առևտուր անելու համար, հետևապես այստեղ ՀԱՊԿ գոյություն չունի և չի ունենալու»։

Խոսելով նաև  ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունների մասին, որով նա կոչ է արել բացել Լաչինի միջանցքը, իսկ դրա փակելը ցանկացած այլ պատրվակով ագրեսիա է և պրովոկացիա, քաղաքագետն ասաց, որ այստեղ կարևորը ոչ թե Զատուլինն է, այլ Ռուսաստանի քաղաքականությունը։ 

«Ռուսաստանը, որպես պետություն, ունի ստրատեգիա, ունի քաղաքականություն, այն, ինչ իրենք հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանի տարածք է և վերջ. սա՝ մեկ: Երկրորդը՝ իրենց նպատակը եղել է Արցախից հետո Հայաստանում կազմակերպել հեղաշրջում, այստեղ բերել ռևանշիզմը և Հայաստանը հանձնել Ռուսաստանի կառավարման, սա Ռուսաստանի ստրատեգիան է մեր տարածաշրջանում և Հայաստանի հետ հարաբերություններում։ Իսկ Զատուլին և այլն, Ռուսաստանը տուփերով այդպիսի գործիչներ ունի, մի հատվածն աշխատում է Ադրբեջանի համար, մի հատվածին ասում է՝ դուք հիմա Հայաստանին սիրաշահեք: Ինքը այդպիսի զատուլիններ ունի նաև Հնդկաստանի հետ աշխատելու համար, բայց Ռուսաստանի քաղաքականությունը նույնն է, չի փոխվել: Հիմա այստեղ իրենք թող մեր ժողովրդի մոտ հուզականություն չբորբոքեն և հանկարծ Զատուլինի ասածը չներկայացնեն որպես Ռուսաստանի տեսակետ։ Ես ժողովրդին առաջարկում եմ՝ հանկարծ չխաբվել այդ տեսակետներին և ընդհանրապես նման զատուլիններին»,- ասաց Հայկ Սուքիասյանը։ 

Լիլիթ Թադևոսյան