Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հասարակ խուլիգանությունը բերել, ասում եք Սյունիքում այսպես են դիմավորում, իսկ սյունեցիները ձեզ հետ համաձա՞յն են, որ Սյունիքում վարչապետին այդպես են դիմավորում»․ ՊՎԾ պետ

«Հասարակ խուլիգանությունը բերել, ասում եք Սյունիքում այսպես են դիմավորում, իսկ սյունեցիները ձեզ հետ համաձա՞յն են, որ Սյունիքում վարչապետին այդպես են դիմավորում»․ ՊՎԾ պետ
Հայաստան
13:30, 30 апрель 2021
«Սյունիքում վարչապետի այցից առաջ են սկսվել այդ ուսումնասիրությունները։ Ըստ այդմ, այցի հետ ուղիղ առնչություն չունեն, թե ինչու է ընտրվել, այդ հարցի պատասխանը ուղիղ չեմ տա, բայց այսպես կասեմ, որ մենք որոշակի ռիսկերի գնահատման համակարգ ունենք և այդ համակարգի միջոցով վեր են հանվում ոլորտներ, որտեղ մեր կառույցը դիտարկում է որպես ռիսկային և այդ ուղղությամբ  առաջարկ է ներկայացվում ուսումնասիրության կամ մշտադիտարկում սկսելու»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Սյունիքի մարզում իրականացվող ստուգումների մասին՝ ասաց ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը։ 

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ ժամանակի բերումով դա կարող է այս կամ այն ուղիղ դեպքի հետ կապվել, բայց նույնիսկ այդ պարագայում,  տարբեր պաշտոնյաների վարքագիծն էլ իրենց մոտ կարող է ռիսկային ազդակ հանդիսանալ, որ երբ տեղի են ունենում անբնական գործողություններ, իրենք դա համարում են որպես ռիսկի առաջին ազդակ, տեսնում են, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ և պետք է ուսումնասիրել, հասկանալ, ինչ է տեղի ունեցել, որ անբնական, անկանոն շարժումներ են անում տարբեր պաշտոնյաներ, որոնք նախատեսված չեն այդպիսի հայտարարություններ անելու համար։

«Մեր թիրախն իրենք չեն դառնում, բայց դա առաջին ազդակն է լինում, որ այստեղ անոմալիա կա և մենք գնում ենք պարզելու, թե այդ ինչ անոմալիա է։ Դեռ մեկ ամիս առաջ հրապարակվել են այն համայնքները, որտեղ ուսումնասիրություններ են իրականացվում՝ Կապան, Գորիս, Մեղրի և Սիսիան։ Ես չասեցի որ որևէ հայտարարություն պատճառ է դառնում ուսումնասիրություն սկսելու, դա ազդակ է»,-ասաց ՊՎԾ պետը։

Նա նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրություններն արդեն ավարտվում են՝ տեղեկանքի կազմման փուլում են, դրանք պատշաճ կերպով  կզեկուցվեն վարչապետին և հետագա ընթացքը կորոշեն։  

«Այդ ռիսկերը, որոնք մենք նկատել ենք՝ հրապարակման ենթակա չէ։ Դա ռիսկերի ամբողջ համախումբ է, որը մենք տեսնում ենք, այդ թվում նաև մեր ունեցած բազաներով, որ ամենօրյա մեր տրամադրության տակ են, տարբեր գործարքներ, այդ թվում նաև մամուլում ներկայացված տեղեկատվություններ, հանրությունից եկող դիմում բողոքներ և այլն և այնպիսի համախումբ է ստացվել, որ այդպիսի որոշում է կայացվել»,-ասաց Տիգրան Ուլիխանյանը։։