Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր կգնան ընտրությունները տապալելու եւ բռնության ճանապարհով՝ կբախվեն օրենքի բռունցքին․ Արմեն Խաչատրյան

Ովքեր կգնան ընտրությունները տապալելու եւ բռնության ճանապարհով՝ կբախվեն օրենքի բռունցքին․ Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն
17:38, 27 апрель 2021
Ես վստահ եմ, որ Սյունիքի մարզում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ իշխանություններն այս պայմաններում Սյունիքում ձայների մեծամասնություն ստանալու հնարավորություն ունե՞ն։
Խոսելով Սյունիքում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի մասին, նա ասաց. «Կան սյունեցիներ, ովքեր օբյեկտիվ դժգոհություն ունեն իշխանությունից, բայց հարցը այն է՝ օբյեկտիվ դժգոհությունը ինչպե՞ս պետք է արտահայտել։ Այդ իսկ պատճառով ՀՀ վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրություններ, որպեսզի մենք հասկանանք ովքեր են դժգոհ եւ ովքեր այլեւս չեն վստահում Կառավարությանը»։ 

Խաչատրյանը ընդգծեց՝ լինելով ժողովրդավարության կրող՝ այս իշխանությունը գնում է ընտրությունների, որպեսզի հասկանանք մեր վստահության աստիճանը ինչ փոփոխություններ է կրել։ Նա նշեց․ «Որեւէ մեկը այս երկրում իրավունք չունի իր քաղաքական դժգոհությունները արտահայտել հանցագորության կատարմամբ»։ 

Պատգամավորի կարծիքով՝ Սյունիքում դա ժողովրդի ձայնը չէր եւ դա միանաշանակ է. «Հարուցված է քրեական գործ եւ կերեւա, թե ովքեր են կազմակերպիչները. սյունեցին չի կարող գնալ բռնությունների եւ չի կարող խուլիգանական դրսևորումներով երեխաների եւ կանանց մոտ երկրի ղեկավարին սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Սյունեցիները աչքի են ընկնում պետականամետ բնավորությամբ եւ ես համոզված եմ, որ դա կազմակերպված էր»։

Խաչատրյանը նշեց, որ հեղափոխության ընթացքում անհնազանդության ակցիաներ են եղել, բայց բռնության տարեր չեն եղել, իսկ այսօր տեսնում ենք, որ բռնության կոչեր են անում։ «Նույն Վազգեն Մանուկյանը կոչ է անում, որ պետք չէ գնալ ընտրությունների, պետք է տապալել իշխանությանը, պետք է բանակը խառնել, գնդակահարել, ովքեր կգնան այս ճանապարհով՝ կբախվեն օրենքի բռունցքի հետ», - հավելեց նա։