Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կհիմնվեն նոր բնակավայրեր. Կարեն Շահրամանյան

Արցախում կհիմնվեն նոր բնակավայրեր. Կարեն Շահրամանյան
Հայաստան
19:12, 01 май 2021
Արցախի հանրապետությունում նախատեսված է կառուցել մոտ 6000 նոր բնակարան և բնակելի տուն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ հետպատերազմյան շրջանում իրենց կառույցը շարունակում է գործել բնականոն հունով:

Ըստ Շահրամանյանի՝ ելնելով իրավիճակից` նախատեսված ծրագրերից բացի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրվել են նոր հանձնարարականներ, որոնց կատարումն արդեն ընթացքի մեջ է: «Առաջնահերթ խնդիրներից համարվող անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը գլխավորում եմ ինքս:

Այդ ուղղությամբ մշակման փուլում են նաև նախագծեր նոր բնակավայրերի հիմնման համար: Ներկայումս տեղական 10 նախագծային կազմակերպությունների պատվիրել ենք 25 նոր բնակավայրերի նախագծեր, որտեղ բնակարանների թիվը կկազմի մոտ 2600: Տարբեր համայնքներում նոր գյուղեր են վերաբնակեցվելու: Առաջին փուլում մշակվելու են գլխավոր հատակագծերը՝ բոլոր կոմունիկացիաներով, որի մեջ մտնելու են ջրամատակարարում, ջրահեռացում, գազաֆիկացում, լուսավորություն, փողոցների և մայթերի կառուցում: Նախագծային աշխատանքներն ամբողջովին ֆինանսավորվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Կան բնակավայրեր, որտեղ գործընթացը սկսված է, ինչպես, օրինակ, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս գյուղերի համար, Կարմիր շուկայում: Մոտ ժամանակներս շինաշխատանքներ կսկսվեն Աստղաշեն համայնքում նաև Խաչմաչում, Հովսեփավանում, Իվանյանում: Երեք ամսից հանրապետությունում դրանք լայն թափ կստանան»,- տեղեկացրել է Կարեն Շահրամանյանը։