Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է դետալային քննություն իրականացնել․ «Համերի» վարորդին հետապնդելիս պարեկային ծառայողների գործողություններում պակասում էր հմտությունը․ փաստաբան

Փետրվարի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում ՀՀ Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով երթևեկած, Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց երթևեկած, ոստիկանության ծառայողների՝ «կանգ առ» ազդանշանին չենթարկված «Համեր»-ի վարորդի գործով ոստիկանների գործողություններն ուսումնասիրելու նպատակով  Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
 
Վարորդի կատարածի և ոստիկանների գործողությունների վերաբերյալ մենք զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան, նախկինում քննիչ աշխատած Մասիս Մելքոնյանի հետ։  

Նա նշեց, որ այստեղ պետք է տարանջատել ոստիկանությունը և նոր ստեղծված պարեկային ծառայությունը։

«Թերանալու վերաբերյալ, գիտեք, ոստիկանների կողմից ուժի կիրառման իրավաչափության հարցը բացառապես պատկանում է ներկա պահին քրեական գործը քննող վարույթն իրականացնող մարմնին։ Դրա վերաբերյալ իրավական գնահատական տալու համար պետք է դետալային քննություն  իրականացնել, հայտնաբերել բոլոր պայմաններն ու պատճառները, որոնք առիթ են հանդիսացել այդ հանցավոր արարքը կատարելու համար, սակայն մի բան տեսազննությունից ակնհայտ է, որ պարեկային ծառայողների գործողություններում պակասում էին հմտությունը, ոստիկան աշխատողին բնորոշ ճարպկությունը և պրոֆեսիոնալիզմը, և դա տրամաբանական է։ Նոր ստեղծված կառույց է, նոր աշխատողներ են, իրենք չեն կարող այդպիսի օպերատիվությամբ աշխատել, քանի որ ոստիկանի աշխատանքին գնահատական տալու համար շատ կարևոր  հանգամանքներ պետք է հաշվի առնել։ Նախ առաջինը, որ դիմացինը մարդ է, նա նույնպես ունի իրավունքներ, այդ ուժի կիրառման համաչափությունը որոշելու հարցը չի պատկանում հենց ոստիկանին, դա այլ մարմնի է պատկանում, և այդ  պահին դժվար է կոնկրետ գնահատական տալ, թե այդ ոստիկանն այսպես պետք է աներ, այնպես պետք է աներ»,- ասաց Մասիս Մելքոնյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ այդ միջադեպից հետո բոլորը կարծիք են հայտնում, դառնում են մասնագետներ, բայց դժվար է այդ հարցին հստակ պատասխան տալ, ոստիկանն այդ պահին չգիտի, թե մեքենայի մեջ ով է, հետո է պարզվել, որ վարորդը թմրանյութ օգտագործած վիճակում է եղել։ Փաստաբանը կարծում է, որ միևնույն ժամանակ, պարեկների գործողություններում կար զգուշավորություն, և տեսական  գիտելիքներին որքան էլ տիրապետես, պրակտիկայում դրանք իրագործելը շատ բարդ է և ոչ միանշանակ, բացի դրանից, պարեկները պատասխանատվություն են կրում նաև իրենց ամրակցված զենքի և տեխնիկայի համար։ 

Ի հավելումն՝ Մասիս Մելքոնյանն ասաց, որ հանրության արձագանքը հետաքրքիր է այն իմաստով, որ տարիներ ի վեր մեր հանրային լայն ընկալման մեջ դեռևս պահպանված են ծեծող, ջարդող, փշրող ոստիկաններ, իսկ փափուկ ուժ կիրառող և օրենքի տառին համապատասխան աշխատող ոստիկանական ծառայությունը դեռ միանշանակ չի ընդունվում հանրության կողմից։ 

«Բազմաթիվ դեպքեր գիտենք, որ մեր աչքի առաջ ոստիկանները ներխուժում էին կուսակցություների գրասենյակներ, ջարդում, փշրում, մարդկանց բերման էին ենթարկում՝ չպահպանելով օրենքի ոչ մի կարգավորում, այսօր բավականին փոփոխության է ենթարկվել, և սա տրամաբանական է։ Եվ եթե մենք ուզում ենք ունենալ լավ հասարակություն, արդար հասարակություն, ոստիկանը պետք է առաջնորդվի բացառապես օրենքի տառով»,- ասաց Մասիս Մելքոնյանը։ 

Ի հավելումն՝ փաստաբանն ասաց, որ եթե հանկարծ ոստիկանները կրակեին ու սպանեին տվյալ վարորդին, հասարակության մի մասն անմիջապես կանցներ զոհի կողմը, կստեղծեր զոհի մի հրաշալի կերպար, կմեղադրեր ոստիկաններին՝ բիրտ և անհամաչափ ուժ կիրառելու մեջ, և բոլորը կսկսեին մեղադրել։

Փաստաբանը նաև նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ «Համերի» վարորդին հայտնաբերել են քրեական հետախուզության աշխատակիցները։ 

Նշենք, որ կարգազանց վարորդն Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Գեղամ Սահրադյանն է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված։ Վարորդը ձերբակալվել է, իսկ այսօր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Լիլիթ Թադևոսյան 

Մանրամասները՝ տեսանյութում