Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ տղամարդուն երեխաների աչքերի առաջ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքով. pastinfo.am

Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ տղամարդուն երեխաների աչքերի առաջ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքով. pastinfo.am
Իրավունք
15:13, 14 октябрь 2021
Ոստիկանության ծառայողների կողմից տղամարդուն՝ երեխաների աչքերի առաջ բռնություն գործադրելով բերման ենթարկելու դեպքով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ տեղեկացնելով, որ հանձնարարությունը տրվել է ՀՀ ոստիկանության պետի կողմից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել տղամարդուն՝ երեխաների աչքերի առաջ։ Ընդ որում, տղամարդը բերման է ենթարկվել ապօրինի շինություն կառուցելու համար։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են երեխաները լալիս, վախենում, իսկ այսօր արդեն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, երեխաներից մեկը ցնցումներով տեղափոխվել է ԲԿ։

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով։