Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստորաբաժանումներից մեկի համար կկառուցվի մշտական տեղակայման վայր․ Սուրեն Պապիկյանը տվել է մի շարք հանձնարարականներ․ տեսանյութ․ լուսանկարներ

Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: 

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում:

Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ: 

Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: 

Ավելի ուշ պաշտպանության նախարարն այցելել է զորամասի ենթակա ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցվող մշտական տեղակայման վայր, շրջել շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին: Զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով: 

Սուրեն Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները: 

Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին: