Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի դիմումը ՄԱԿ ԱԽ. կարևոր հանգամանք

Հայաստանի դիմումը ՄԱԿ ԱԽ. կարևոր հանգամանք
Հայաստան
18:26, 31 май 2021
Հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի և հետագա զարգացումների հարցը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու Հայաստանի որոշման հանգամանքը արդեն տևական ժամանակ քննարկման առարկա է Հայաստանի մեդիա-փորձագիտական դաշտում, քաղաքական շրջանակներում: Ինչպես հայտնի է, հարցը ՄԱԿ ԱԽ քննարկելու առաջարկը արել է Ֆրանսիան, երբ իրավիճակի սրացման ֆոնին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: Ընդ որում, հատկանշական էր, որ ՄԱԿ ԱԽ դիմելու առաջարկի մասին տեղեկությունը հայտնել էր Ֆրանսիայի նախագահի նստավայրը, իսկ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին նշված չէր:

Անկասկած է նաև, որ առաջարկի հանդեպ Երևանի վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ հարցը ՄԱԿ ԱԽ տեղափոխելը տհաճ է լինելու Ռուսաստանի համար, որը փորձում է ամեն ինչ վերցնել իր հովանու ներքո եռակողմ շրջանակ: Այստեղ է թերևս պատճառը, որ Երևանը չի շտապում հարցը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու ֆրանսիական առաջարկին ընթացք տալու գործում: Իրավիճակը հարկ է դիտարկել իհարկե ռացիոնալ և պրագմատիկ հարթության մեջ: 

Անկասկած է, որ ՌԴ հովանու ներքո եռակողմ ձևաչափը Հայաստանի համար անցանկալի և ռիսկային ձևաչափ է, քանի որ այդտեղ Հայաստանին մնում է ՌԴ շահերի տիրույթը, Երևանը ենթարկվում է ՌԴ ազդեցության գործոնին: ՄԱԿ ԱԽ ձևաչափը դրանից դուրս գալու, օղակը ճեղքելու, շահերի բազմազանության միջավայրի հնարավորություն է: Ամբողջ հարցն այն է սակայն, որ ինքնին դա անելու համար անհրաժեշտ է սառը հաշվարկ՝ արդյո՞ք մինչ Երևանը կտանի հարցը ՄԱԿ և այնտեղ կկարողանա հասնել բարենպաստ լուծումների, կամ առնվազն քննարկումների միջավայրի, սահմանին չի ստանա ավելի ուժգին սադրանք և հարված՝ Ադրբեջանի միջոցով, բայց որպես ՌԴ պատասխան: Դա հարց է, որի պատասխանը մեղմ ասած միարժեք չէ և հնարավոր է ստանալ թերևս միայն իրադրությանը խիստ իրազեկ լինելու դեպքում, ինչը պահանջելու է կոնֆիդենցիալ տեղեկատվության եթե ոչ ամբողջ, ապա պաշարի զգալի մասին հասանելիություն:

Ըստ այդմ, Հայաստանի համար ՄԱԿ ուղղությունը պետք է լինի կարևոր նպատակ, սակայն դրան պետք է գնալ ոչ թե ՌԴ նպատակների հետ հակդրության ռեժիմում, այլ ՌԴ հետ աշխատանքի, որքան էլ հասկանալի է, որ ներկայումս Մոսկվայի նպատակը եռակողմ ձևաչափերի ցանցի ձևավորումն է: Գնալ ՄԱԿ ԱԽ ընդդեմ ՌԴ, Հայաստանի համար կարող է ավելի շուտ բերել նոր խնդիրներ, քան եղածի լուծում: Ընդ որում, դա գիտակցում և պատկերացնում է թերևս նաև Ֆրանսիան, այլապես Փարիզը այս ընթացքում կընդգծեր իր նպատակի առնչությամբ Երևանի կարկամ վերաբերմունքից դժգոհությունը: