Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պետությանը ինչ որ տվել եմ, արդեն շատ-շատ է, ես տալու բան չունեմ». Վաչագան Ղազարյան

«Պետությանը ինչ որ տվել եմ, արդեն շատ-շատ է, ես տալու բան չունեմ». Վաչագան Ղազարյան
Հայաստան
15:23, 29 март 2023
«Տերյան փողոցի տունը Զարգացման բանկից գումար ենք վերցրել մուծել ենք, թղթերն էլ կա»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ Ըստ Ղազարյանի՝ եթե մարդն ունի շրջապատ, ապա ամեն ինչ էլ կարող է ունենալ, այդ թվում՝ միլիոնավոր դոլարներ ու անշարժ գույքեր՝ անկախ նրանից, որ ընդամենը եղել է նախագահի թիկնազորի պետ։ 

Ղազարյանը չպատասխանեց, թե քանի գույքի է տիրապետում այժմ՝ հերքելով դատախազության կողմից նշված թվով 17 անշարժ գույքի տիրապետման մասին տեղեկությունը։ Հարցին, թե պատրաստվո՞ւմ է իր բնակարանները տալ պետությանը, ասաց. «Պետությանը ինչ որ տվել եմ, արդեն շատ-շատ է, ես տալու բան չունեմ։ Իմ գույքերը բոլորը օրինական են»։ Ղազարյանն ասաց ոչ մի արտոնություն չի ունեցել, ինչ արել է՝ արել է իր հաշվին, տարբեր մարդկանց էլ լավություն է արել. «Պետությունից 100 դոլար տարած չկամ։ «Յանսի» բաժնեմասերը ձեռք եմ բերել օրինական ճանապարհով»։

Անդրադառնալով թանկարժեք մեքենային, որով Վաչագան Ղազարյանը ժամանել էր դատարան, ասաց, որ դա նվեր է, ընկերներն են նվիրել։ «Եթե մի ընկերը կարողանում է երկու օրվա ընթացքում  1 մլրդ գրավի գումարը ուղարկել, չի՞ կարող էդ ընկերը ուրիշ բան էլ անել»,- ասաց Ղազարյանը։

Ղազարյանը չբացառեց նաև հաշտության գալու մասին հավանականությունը։ Հարցին, թե ովքե՞ր են այդ ընկերները, Ղազարյանն ասաց. «Սաղ աշխարհը գիտի, դուք չգիտե՞ք»։ Ճշտող հարցին, թե այդ ընկերը Սերժ Սարգսյա՞նն է, Ղազարյանն ասաց. «Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի։ Ես իր հետ նորմալ շփվում եմ»։ Ինչո՞ւ է պետությանը 3 մլրդ դրամ վերադարձրել հարցին՝ Ղազարյանն ասաց, որ ժամանակը կգա՝ կասի։