Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն առաջարկում է պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր սահմանել. նախագիծ

ՊՆ-ն առաջարկում է   պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր սահմանել. նախագիծ
Հայաստան
21:16, 05 май 2023
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է  մշակել, որով սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր, ինչպես նաև հստակեցվում է օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողին համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման կարգը:  

Նշենք, որ ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» համապատասխան  որոշմամբ սահմանված կարգի՝ ատեստավորման արդյունքներով որակավորված է համարվում ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության վարժություններից և վարժաձևերից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած և թեստային առաջադրանքներից 35 և ավելի հարցին ճիշտ պատասխանած զինծառայողը: ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին»  որոշմամբ սահմանվել են հավելավճարների չափերը՝ ըստ զինծառայողների կազմերի և պաշտոնների խմբերի:

Ըստ այդմ՝  զինծառայողների ատեստավորման գործընթացի կազմակերպման շրջանակներում առաջին ատեստավորումը նախատեսվում է 
անցկացնել ս.թ. հունիս ամսվա ընթացքում, միաժամանակ իրականացվում են համապատասխան զինծառայողների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի բարձրացման ինտենսիվ աշխատանքներ, որոնց ընթացքում զինծառայողների հետ տեղի ունեցած քննարկումները և պատրաստության աստիճանի նախնական գնահատումների արդյունքներն ակնհայտ են դարձրել, որ ատեստավորման համակարգի ներդրման և հետագա կենսագոյության համար անհրաժեշտ է ունենալ գնահատման տարբերակված արդյունքներին համապատասխանող հավելավճարների չափեր՝ հավելավճար նախատեսելով նաև «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար, ինչպես նաև տարանջատելով «լավ» կամ «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերը:

«Այդ նպատակով, առաջարկվում է կարգում ուղղակի սահմանել «ենթակա չէ հաշվարկելու հավելավճար» եզրակացության կայացման դեպքը, հստակեցնել թեստավորման արդյունքներով «գերազանց» կամ «լավ», կամ «բավարար» գնահատելու պայմանները, քանի որ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատումն իրականացվում է ՀՀ զինված ուժերում գործող նորմատիվների համաձայն (կարգի 17-րդ կետ), ինչպես նաև հավելավճարի համապատասխան չափի հստակեցման նպատակով սահմանել «գերազանց» կամ «լավ», կամ «բավարար» գնահատելու պայմանները»,- նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։ 

Ըստ այդմ առաջարկվում է նաև «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերը սահմանել գործող չափերից 50,000 դրամով ավելի, իսկ «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար հավելավճարներ՝ գործող չափերի 55-60 տոկոսի սահմաններում: Նշված ձևաչափով գնահատման և հավելավճարների չափեր սահմանելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում կարգավորելու նաև այն դեպքերը, երբ օրենքով սահմանված կամավոր կամ պարտադիր ատեստավորման հիման վրա համապատասխան չափով հավելավճար ստացող և օրենքով սահմանված դեպքերում (բարձր պաշտոնի նշանակման կամ 3 տարին մեկ անգամ պարտադիր ատեստավորման դեպքում) իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողի նկատմամբ կայացվում է «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն, և զինծառայողի գնահատականը տարբերվում է (բարձր կամ ցածր է) նախկին ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականից, որի պարագայում առաջարկվում է հավելավճարի հաշվարկումը շարունակել իրականացված նոր ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականի համար նախատեսված չափով: