Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի սադրիչ գործողությունների նպատակն է զրոյացնել բանակցություններում գրանցված առաջընթացը. վարչապետը՝ ադրբեջանական կողմի այսօրվա սադրանքի մասին

«Այսօր, ժամը 06.00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին»,- այսօր՝ մայիսի 11-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ակտիվ հրետակոծության ակտիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո:

Ինչպես նշեց վարչապետը, հայկական կողմն ունի 4 վիրավոր, և նրանց շուտափույթ ապաքինում մաղթեց:

«Ադրբեջանական այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները անհրաժեշտ են բանակցություններում գրանցված առաջընթացը զրոյացնելու համար: «Սա է տեղի ունենում հիմա»,- նշեց վարչապետը և ընդգծեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են, որի նպատակն է իրադրությունը սրել:

Մանրամասն՝ տեսանյութում