Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոթքում իրադրությունը սրելու միջոցով Ադրբեջանը փորձում է մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը. վարչապետ

«Ադրբեջանական այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,- այսօր՝ մայիսի 11-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սոթքում, Ադրբեջանի իրականացրած սադրանքին:

Սակայն, ինչպես նշեց վարչապետը, սա միակ նպատակը չէ. «Հաջորդը միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է. «Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակցիայով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով: Իսկ Սոթքում էլ իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը»:

Վարչապետը, սակայն, ընդգծեց, որ ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ այս բոլոր հարցերը շարունակում են մնալ մեր օրակարգում. «Միջազգային հանրության հետ ակտիվ  կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի»:

Մանրամասն՝ տեսանյութում