Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքը Ադրբեջանը հիմա արդեն պաշտոնապես է փակել. միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել. վարչապետ

«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ-անցագրային կետ տեղադրելով ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքում: Եվ եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից»,- այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ սա նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է:

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում:

Նիկոլ Փաշինյանը նկարագրեց այս և սրան նախորդած Ադրբեջանի գործողությունների խորքային նպատակը. «Այդ նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումն է և ցեղասպանություն իրականացնելը, և հենց սա պետք է լինի մեր բոլորի, միջազգային հանրության ուշադրության առարկան»:

Ինչպես նշեց վարչապետը, Լաչինի միջանցքում այդ անցակետի տեղադրումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է, և Ադրբեջանը խախտել է այդ հայտարարության ըստ էության բոլոր կետերը:

Մանրամասն՝ տեսանյութում