Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Հայաստան / Տնտեսություն
13:20, 13 май 2023
Այս տարվա մարտ ամսից մեկնարկել եւ ընթանում են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Սեւան-Լճափ 13,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։


Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 277 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է առանձին հատվածներում իրականացնել ճանապարհի հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցման, առանձին հատվածներում՝ գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզման եւ երկշերտ ասֆալտբետոնյա նոր ծածկի տեղադրման աշխատանքներ։

Նախատեսվում է իրականացնել նաեւ ջրահեռացման համակարգի կառուցման, ճանապարհի կահավորման եւ գծանշման աշխատանքներ։

Մայիսի 12-ի դրությամբ իրականացվել են գոյություն ունեցող ջրթող խողովակների մաքրման եւ բետոնապատման, ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, արդեն սկսվել են ֆրեզման եւ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքները։

Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 98200 քառակուսի մետր։ Ֆրեզված հումքն անվճար տրամադրվում է Գավառ եւ Սեւան համայնքների բնակավայրերին՝ հանրային նշանակության հիմնարկներ տանող կամ երկրորդական նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով։

Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2023 թվականի ընթացքում։