Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ենթադրաբար կոկաինն անցել է Հայաստանի հսկողությամբ գտնվող մաքսային գոտիով. ՊԵԿ նախագահ

Ենթադրաբար կոկաինն անցել է Հայաստանի հսկողությամբ գտնվող մաքսային գոտիով. ՊԵԿ նախագահ
Հայաստան
18:00, 18 май 2023
«Ամբողջ աշխարհը ողողված է թմրանյութերով, և բնականաբար այդ թմրանյութերը հայտնվում են տարբեր շուկաներում մաքսանենգ ճանապարհով՝ անցնելով մաքսային հսկողության կետեր կամ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները»,- այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել 1 տոննա կոկաին բերել Հայաստան։

ՊԵԿ-ը հրաժարվեց ասել, թե որ ընկերությունն է Հայաստան բերել կոկաինը, բայց նշեց, որ ենթադրաբար այդ բեռն անցել է Հայաստանի հսկողությամբ գտնվող մաքսային գոտիով, սակայն «Զվարթնոց» օդանավակայանով բերելը բացառեց։ 

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ օրինակ՝ Իրանի հետ Հայաստանի սահմանին թմրանյութերի տեղափոխումը բացահայտվում է մեծամասամբ ռուս սահմանապահների կողմից։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ Իրանից դրոններով տեղափոխում են թմրանյութը և թողնում են այնպիսի գոտում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել այն։   

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում: