Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախընտրական հարցումներն անվճար ենք արել և առանց պատվերի, իսկ իշխանությունը դեռ պետք է բացատրություն տա նման արդյունքների համար․ հայկական «Գելափ»ը սպառնում է նոր հարցումներով

Նախընտրական հարցումներն անվճար ենք արել և առանց պատվերի, իսկ իշխանությունը դեռ պետք է բացատրություն տա նման արդյունքների համար․ հայկական «Գելափ»ը սպառնում է նոր հարցումներով
Հայաստան
19:12, 25 июнь 2021
«Ես մի քանի անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ այս նախընտրական հարցումների համար մեզ ոչ ոք չի վճարել, մենք դա արել ենք մեր ուժերով, որևէ ուժի կողմից պատվեր չի եղել»,-Civic.am-ի հետ զրույցում հավաստիացրեց սոցոլոգիական հարցումներով զբաղվող «Էմ Փի Ջի» կամ հայկական «Գելափ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։ 

Civic.am-ը դիմել է ՊԵԿ՝ հարցում անելով, թե որքա՞ն հարկ է վճարել «Էմ Փի Ջի»-ն վերջին ամիսներին և արդյո՞ք ընկերության եկամուտները մուտքագրված են։ Պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք։ 

Հիշեցնենք, որ մինչ ընտրությունները հայկական «Գելափն» օրըստօրե բարձրացնում էր Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, իսկ նախընտրական վերջին օրերին, ըստ հայկական «Գելափի», Քոչարյանն իր վարկանիշով նկատելի գերազանցում էր Փաշինյանին։

Ընտրությունների արդյունքներով, սակայն, ինչպես հայտնի է, Քոչարյանն իր ողջ կարողությամբ, ռուսահայ օլիգարխների աջակցությամբ ու թիմով մոտ 2,5 անգամ քիչ ձայն ստացավ Փաշինյանից։ 

Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն այնպես էր հավատացել «Գելափի» հարցումներին, որ անգամ հետընտրական ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե «Գելափն» այդքան չէր կարող սխալվել և որ իրենք որպես ընտրակեղածարարության հիմք՝ Գելափի հարցումների արդյունքները ևս ներկայացնելու են ՍԴ։ 

Ուշագրավ է, որ իրականությունից այդչափ կտրված կանխատեսումներից հետո էլ հայկական «Գելափի» ղեկավարը չի ընկճվում ու հայտարարում է, որ իշխանությունը պետք է պատասխան տա իրենց հարցումների հետ նման անհամապատասխանության համար։  «Ես ասում եմ, որ եթե անգամ ինչ-ինչ պատճառներով սխալմունք լինի, մենք անհնար է սխալվենք այդ ծավալով իշխող ուժի ցուցանիշների հետ կապված։  Այլ ցուցանիշներ, որ մենք գրանցել ենք ևս որոշակի փոփոխված են, բայց դա նորմալ է, բացատրելի է, բացի իշխող ուժի նման բարձր ցուցանիշից»,- Civic.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ նոր հարցումներ են անելու՝ ապացուցելու, որ իրենց հարցումներն են ճիշտ․ «Մենք հիմա իրականացնում ենք հետընտրական հետազոտություն, որի արդյունքները շաբաթ օրը կամ ամենաուշը՝  երկուշաբթի կհրապարակենք ։ Տեսնենք՝ ինչքան ենք սխալվել, կասենք, եթե չենք սխալվել՝ կասենք՝ չենք սխալվել ։ Ըստ այդմ, կհասկանանք մոտավորապես ինչքան կարող էր ստանալ իշխող ուժը, դրանից ավելի եթե լինեն ցուցանիշները, դա մեր բացատրելու խնդիրը չի, դա իշխանության բացատրելու խնդիրն է, թե ինչպես են նրանք նման բարձր ցուցանիշ ստացել»։ 

Արամ Նավասարդյանի խոսքով՝ իրենք չեն կարող չափել իշխանական լծակների ծավալը․ «Ընտրություններն անցկացրել է իշխող ուժը։ Հետևաբար թող բարի լինեն բացատրեն, թե ինչպես է դա եղել։ Ես չեմ տիրապետում իշխանական լծակների և այլ ռեսուրսներ չունեմ, և նաև չունեմ փորձառություն, որպեսզի գրանցեմ լծակների օգտագործման ծավալ չափելու ինչ-որ մեթոդ։ Եթե մենք սխալվել ենք, մենք խնդիր չենք տեսնում, որ սխալվել ենք, բայց էլի եմ կրկնում, որ մենք այդքան սխալվել չէինք կարող։ Հետևաբար, այս ցուցանիշի հիմնավորման բեռը մեզ վրա դրված չի։ Ընդդիմությունը ևս պիտի որոշակի ինչ-որ բացատրություն տա, իշխող ուժը պիտի բացատրություն տա, բոլոր մասնակիցները պրոցեսի պետք է բացատրություն տան»։