Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ն աջակցում է Ալիևի դիկտատուրային. Հայաստանը դա չպետք է հանդուրժի, բայց նաև էմոցիոնալ որոշում չպետք է կայացնի

ՀԱՊԿ-ն աջակցում է Ալիևի դիկտատուրային. Հայաստանը դա չպետք է հանդուրժի, բայց նաև էմոցիոնալ որոշում չպետք է կայացնի
Հայաստան
17:46, 05 июль 2021
ՀԱՊԿ-ը հայ ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին միջամտելու անհրաժեշտություն չի տեսնում, սակայն պատրաստակամ է աջակցել Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանին իր անվտանգությունն ապահովելու համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը Հայաստանի դիմումի մերժողական պատասխանից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է Տաջիկստանին աջակցություն ցույց տալ Աֆղանստանի հետ սահմանին իր անվտանգությունն ապահովելու համար։ Նրա խոսքերով՝ իրավիճակը սահմանին շարունակում է վատանալ և դա ՀԱՊԿ-ին լրջորեն անհանգստացնում է․ «Կա հստակ դիրքորոշում, որ Տաջիկստանին պետք է օգնություն տրամադրել հենց անվտանգությունն ապահովելու համար»,-հայտարարել է նա։ 

Մինչդեռ հիշեցնենք, որ պաշտոնական Երևանի դիմումից մեկուկես ամիս անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուլիսի 3-ին հայտարարեց, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում կազմակերպության կանոնադրության դրույթներին։ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել էր Զասը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ դժվարանում է ադեկվատ ձևակերպումներ գտնել գնահատելու ՀԱՊԿ-ի պատասխանը։ 

«ՀԱՊԿ-ի այս պատասխանը Հայաստանի դիմումի վերաբերյալ ուղղակի ծիծաղելի է, եթե այլ կոպիտ ձևակերպում չտամ։ Այնտեղ նշվում է, թե դա սահմանային միջադեպ է և դա չի համապատասխանում կազմակերպության կանոնադրության դրույթներին, բայց դա մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի, երբ կա ագրեսիա։ Իսկ ագրեսիա հասկացության մեջ շատ բան է մտնում։ Այդ հասկացության մեջ մտնում է ոչ միայն ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ներխուժումը պետության սահման, այլև սահմանին, սահմանի մոտ կատարվող իրադարձությունները։ Ագրեսիան միայն ուղիղ պատերազմը չի։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը և՛ Սյունիքում, և՛ Գեղարքունիքում իրենց զինված ուժերը ուղղակիորեն մտցրել են մեր տարածք։ Բայց անգամ եթե չմտնեին, այլ գային ու սահմանի մոտ ուժ ցուցադրեին, ապա դա բավական էր, որ ՀԱՊԿ-ը պարտավոր լիներ արձագանքեր։ Այդ արձագանքը կարող էր լինել տարբեր՝ դիվանագիտական, քաղաքական, կամ ռազմական։ Բայց այս արձագանքը ո՛չ դիվանագիտական է, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ՝ ռազմական»,- ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ակնհայտ է, որ Հայաստանի նկատմամբ կա ոչ ադեկվատ արձագանք։ 

«Ակնհայտ է, որ դիկտատոր Լուկաշենկոն, կամ ՀԱՊԿ անդամ մյուս դիկտատուրական երկրները Հայաստանի ժողովրդավարությանը չէին աջակցի։ Իրենք աջակցում են Ալիևի դիկտատուրային։ Սա ավելի ակնառու դարձավ  Տաջիկստանի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Աֆղանստանից եկող վտանգները ագրեսիա է ու դա մտահոգում է ՀԱՊԿ-ին, իսկ մեր դեպքում Ադրբեջանից եկող վտանգը իրենց չի հետաքրքրում։ Այդտեղ դիկտատուրաների սոլիդարություն է»,-ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այս պատասխանից հետո Հայաստանը չպետք է կտրուկ քայլերի գնա, էմոցիոնալ արձագանքներ տա, ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր դնի և այլն, քանի որ դա լրացուցիչ կրքեր կբորբոքի, որը Հայաստանին հիմա ամենաքիչն է պետք. «Քանի որ ՀԱՊԿ-ը  չաշխատող կառույց է, դրան ուղղակի պետք է անտեսել։ Չեմ կարծում այս փուլում ՀԱՊԿ-ից դուրս գալը ճիշտ է։ Դա կարող է իրենց առիթ տալ բացահայտ անցնել Ադրբեջանի կողմն անգամ պատերազմական գործողությունների կոնտեքստում։ ՀԱՊԿ-ից դուրս գալով մենք Ադրբեջանին լրացուցիչ խաղաքարտեր կտանք։ Ավելին, եթե մենք այսօր ՀԱՊԿ անդամ լինելով կարող ենք դեմ արտահայտվել Ադրբեջանին անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ապա եթե դուրս գանք ՝ չենք կարող ընդդիմանալ Ադրբեջանի անդամակցությանը և այդ երկիրն արդեն ավելի ազատ կկարողանա գործել մեր դեմ արդեն ՀԱՊԿ շրջանակներում»,-ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ չպետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց զուգահեռ պետք է մտածել այլընտրանքների մասին։ Եթե ՀԱՊԿ-ը չի արձագանքում մեր երկրի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, ապա Հայաստանը լիարժեք իրավունք ունի այլընտրանքներ փնտրել։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, հակառակ կարծիքին է։ Եթե ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, ապա այդտեղ մնալն իմաստ չունի ու բնավ Հայաստանին չպետք է հետաքրքրի, թե դրանից ինչ կրքեր կբորբոքվեն. «ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որը սպասարկում է բացառապես ռուսական շահերը և որոշակի առումով ծխածածկույթ է հանդիսանում ռուսական քաղաքականության համար՝ իմիտացիա ապահովելով, թե դա ռազմաքաղաքական դաշինք է։ Բայց այդտեղ չկա ո՛չ հավաքականություն, ո՛չ անվտանգություն։ Հետևաբար Հայաստանը հետայսու պետք է իրեն ազատ համարի բոլոր այն պարտավորություններից, որոնք որոշակի սահմանափակումներ են պարունակում Հայաստանի և արտաքին աշխարհի շփումներում։ Այդ իմաստով Հայաստանը պետք է վերանայի իր մասնակցությունը այդ կազմակերպությանը։ Հայաստանը պետք է վերանայի ու վերագնահատի իր անվանգության քաղաքականությունը։ Եվ եթե այդ իմաստով ՀԱՊԿ-ը մեզ չի օժանդակում, ապա Հայաստանը պետք է ազատվի այդ բեռից, թոթափի այդ բեռը»,-ասաց Մեհրաբյանը։

Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ՀԱՊԿ քարտուղարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: 

ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Արփի Հարությունյան