Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետդուման հետաձգում է Ռուսաստանում հայաստանյան վարորդական իրավունքների ճանաչման հարցը

Պետդուման հետաձգում է Ռուսաստանում հայաստանյան վարորդական իրավունքների ճանաչման հարցը
Միջազգային
17:06, 24 октябрь 2023
Պետդուման անորոշ ժամկետով հետաձգել է Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեության ծավալման դեպքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։ Գործակալությունը նաև մեջբերում է Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը, որոնց համաձայն՝ նման որոշման պատճառը Հայաստանի կողմից ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ չշնորհելն է։

«Այս օրինագծով, ըստ էության, նախատեսվում էր Հայաստանին որոշակի հավելյալ արտոնություններ շնորհել։ Եվ դա այն դեպքում, երբ հանրապետության պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը որևէ բան չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար։ Մենք հենց դրա հիման վրա ենք որոշում թույլատրել ազգային վարորդական իրավունքների կիրառումը Ռուսաստանի տարածքում, թե ոչ», - հայտարարել է Վոլոդինը։

Պետդումայի նախագահի խոսքով՝ այս պահին իրենց երկրների կողմից թողարկված վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում կարող են օգտագործել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները։

«Մենք նման որոշում կայացրել ենք, քանի որ ռուսաց լեզվի կարգավիճակն այդ երկրներում ամրագրված է սահմանադրորեն», - հայտարարել է Պետդումայի նախագահը։

Աղբյուր՝ azatutyun.am