Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես ձեզ խոստանում եմ՝ «Համաս»-ը կկործանվի»․ Նեթանյահու

«Ես ձեզ խոստանում եմ՝ «Համաս»-ը կկործանվի»․ Նեթանյահու
Միջազգային
13:36, 31 октябрь 2023
Իսրայելն իր առջև հստակ նպատակ է դրել՝ ոչնչացնել «Համաս»-ի ռազմական և վարչական ներուժը, երեկ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով՝ դա անում են համակարգված։

Իսրայելի վարչապետը հայտարարել է պատերազմի երրորդ փուլի մեկնարկի մասին։

«Առաջին՝ արգելակման փուլն ավարտված է։ Երկրորդ փուլն՝ անընդհատ շարունակվող օդային հարձակումներն են։ Երրորդ փուլը՝ Գազայի հատված ցամաքային ներթափանցման ընդլայնումն է, մենք դա անում են հզոր քայլերով՝ համակարգված, քայլ առ քայլ առաջ գնալով», - ասել է Նեթանյահուն՝ շեշտելով՝ ճանապարհին կլինեն անսպասելի խոչընդոտներ, դժվարություններ, կորուստներ, անակնկալներ․ - «Բայց վերջում ես ձեզ մի բան եմ խոստանում՝ «Համաս»-ը կկործանվի, «Համաս»-ը կպարտվի, ուրիշ Գազա կլինի»:

Ընդգծելով, որ զուգահեռաբար ակտիվորեն աշխատում են հյուսիսային ճակատը զսպելու ուղղությամբ՝ Իսրայելի վարչապետը զգուշացրել է Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» իրանամետ արմատական խմբավորմանը․ - «Դուք կկատարեք ձեր կյանքի սխալը, եթե որոշեք ամբողջությամբ ներգրավվել այս արշավին: Դուք այնպիսի հարված կստանաք, որը չեք էլ կարող պատկերացնել։

Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս»-ի զինյալները ներխուժեցին իսրայելական բնակավայրեր։ «Համաս»-ի հարձակման հետևանքով Իսրայելում առնվազն 1400 մարդ է սպանվել, այդ թվում՝ օտարերկրացիներ։ Գազայից հաղորդում են առնվազն 8 հազար 306 զոհի մասին, այդ թվում՝ 3 հազար 457 անչափահաս։

Աղբյուր՝ azatutyun.am