Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում քննարկվում է համավարակի պայմաններում հատկացումների նոր` 6-րդ փաթեթը

ԱՄՆ-ում քննարկվում է համավարակի պայմաններում հատկացումների նոր` 6-րդ փաթեթը
Միջազգային / Հասարակություն
19:56, 02 март 2021
ԱՄՆ-ում սկսել է անկում ապրել քովիդ 19 հիվանդության տարածման արագությունը: Կառավարությունն էլ տվել է երրորդ պատվաստանյութը կիրառելու արտոնագիր: Սակայն տնտեսական անկումը շարունակվում է: Նախագահ Ջո Բայդենի ներկայացրած 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի տնտեսությունն աջակցելու ծրագիրը նպատակ ունի օգնել գործազուրկ անձանց, դպրոցական համակարգին ու վնասներ կրող բիզնեսներին. հաղորդում է VOA-ն:

Նախագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է միայն դեմոկրատների աջակցությունը ստանալու արդյունքում: Հիմա այն հանձնվելու է հարյուր օրենսդիրներ ընդգրկող Սենատին, որն այս անգամ հավասարապես է բաժանված հանրապետականների ու դեմոկրատների միջև:

Հիշեցնենք, որ ձայների հավասարության դեպքում վերջնական խոսքը կախված կլինի երկրի դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսից:

Յուրաքանչյուր ամերիկացու 1400-ական դոլար հատկացնելու մասին այս նախագիծն ընդունվելու համար որևէ դեմոկրատ դեմ չպետք է քվեարկի: Սակայն չի կարելի ասել, որ նրանք Սենատում համախմբված են այս հարցի շուրջ: Նրանցից ոմանք պահանջում են, որ այդ նախագծի մեջ մտնի նաև նվազագույն աշխատավարձր ժամում 15 դոլարի բարձրացնելու մասին կետ:

Դեմոկրատ ու հանրապետական սենատորներից ոմանք էլ, ասում են, թե դրա փոխարեն կարելի է բարձրացնել այն հաստատություններից գանձվող հարկերի ծավալը, որոնք հրաժարվում են բարձրացնել աշխատավարձը:

Դեմոկրատների ղեկավարները ցանկանում են, որ նախագիծն օրենքի վերածվի մինչև մարտի 14-ը, երբ ավարտվում է գործազրկության համար տրվող նպաստների ժամկետը: Եթե փաթեթը հաստատվի, այն կդառնա համավարակի պայմաններում դաշնային կառավարության կողմից հատկացումների վեցերորդ փաթեթը: