Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից. Իրանը կոշտ պատասխան է տվել Ալիևին

Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից. Իրանը կոշտ պատասխան է տվել Ալիևին
Միջազգային
19:48, 16 октябрь 2021
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կոշտ արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանն ու Իրանը համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ:

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին Շամխանին Twitter-ում գրել է, որ հարևանության սկզբունքներն անտեսելն ու կեղծ հայտարարությունները տակտի նշան չեն: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը: Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից»,-շեշտել է իրանցի պաշտոնյան:

Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի նախագահին արձագանքել էր նաև Իրանի արտաքին գործերի նախարարը` հայտարարությունը որակելով շինծու և կեղծ։

ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն նշել էր, որ այդ արտահայտությունները ծառայում են «միայն սիոնիստական ռեժիմի» շահերին և դեմ են Թեհրանի ու Բաքվի միջև «եղբայրական հարաբերություններին»:

Նա շեշտել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջատար է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, հազարավոր զոհեր ու վիրավորներ է ունեցել այդ ճանապարհին։ ԱԳՆ ներկայացուցիչը կարծիք էր հայտնել, որ Բաքուն միտումնավոր անհիմն հայտարարություններ է անում ԶԼՄ-ներում` միաժամանակ վստահեցնելով, որ Իրանը դրանք անպատասխան չի թողնելու։