Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում սկսվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի կործանված ինքնաթիռի գործով առաջին դատական լսումները. Ուկրաինայի դեսպանը դրանց չի մասնակցել

Իրանում սկսվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի կործանված ինքնաթիռի գործով առաջին դատական լսումները. Ուկրաինայի դեսպանը դրանց չի մասնակցել
Միջազգային
17:01, 22 ноябрь 2021
Իրանում  «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի խոցված ինքնաթիռի (չվերթ՝ PS 752) գործով լսումները սկսվել են։ Այս մասին հաղորդում է korrespondent-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը, որտեղից նշել են, որ Ուկրաինայի դեսպանը չի մասնակցում դրանց։ 
 
Ուկրաինայի ԱԳՆ-ն նշում է, որ Իրանը չի արձագանքել այս գործով միջազգային իրավական օգնության խնդրանքներին և չի տրամադրել բոլոր պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները։
 
«Մինչ օրս քրեական գործին միջազգային իրավական օգնություն ցուցաբերելու հայցերը՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան կոմպետենտ մարմիններին, լիակատար չեն իրականացվել։ Իրանական կողմից պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները չեն տրամադրվում։ Այս կապակցությամբ նպատակահարմար չենք համարում Ուկրաինայի դեսպանի մասնակցությունը պաշտոնական դատական նիստին, որի ժամանակ պետք է ընթերցվի մեղադրական ակտը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
 
ԱԳՆ-ից Իրանին կոչ են արել կատարել միջազգային իրավունքով իր պարտավորություններն ու տրամադրել Ուկրաինայի իրավասու մարմինների կողմից պահանջվող տեղեկությունները։ «Մեր նպատակները մնում են անփոփոխ՝ ճշմարտության բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»,- հավելել են գերատեսչությունից։
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանվել էր «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավը։ Ինքնաթիռում եղել են 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանք բոլորը զոհվել են։ Ինքնաթիռը մեկնում էր Կիև։ Իրանական աղբյուրների վկայությամբ՝ ավիաաղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Ենթադրվել է, որ թռիչքի պահին այրվել է օդանավի շարժիչը։
 
Սյուզի Սիրականյան