Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի նոր մուտացիան, որը, ենթադրաբար, նախկիններից ավելի վտանգավոր է

ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի նոր մուտացիան, որը, ենթադրաբար, նախկիններից ավելի վտանգավոր է
Միջազգային
13:24, 26 ноябрь 2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի նոր տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում, հայտնում է Financial Times-ը:

Ենթադրաբար, նոր մուտացիան, որը կոչվում է B.1.1.529, ավելի արագ է տարածվում, քան նախորդները։ Այն նաև ավելի վարակիչ է և, հնարավոր է, ավելի քիչ զգայուն գործող պատվաստանյութերի նկատմամբ:

Հարավային Աֆրիկայի համաճարակաբանական արձագանքման կենտրոնի ղեկավար Տուլիո դե Օլիվեյրան FT-ին հայտնել է, որ Գաուտենգ նահանգում, որը ներառում է Հարավային Աֆրիկայի ամենամեծ քաղաքը՝ Յոհանեսբուրգը, նոր դեպքերի մոտ 90%-ը պայմանավորված է վիրուսի նոր շտամով:

«Գլխավոր հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե կոնկրետ ինչպես է այն ազդում պատվաստանյութերի վրա»,- ասում է նա:

Հարավաֆրիկյան իշխանությունների տվյալներով՝ երկրում նոր շտամով վարակվել է, ընդհանուր առմամբ, 77 մարդ։ Եվս չորս վարակակիր գրանցվել է Բոտսվանայում, մեկը՝ Հոնկոնգում։

Գիտնականներն ասում են, որ նոր շտամն ունի մոտ 30 մուտացիա և իր մեջ միավորում է նախորդ մի քանի շտամերի առանձնահատկությունները: