Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստումները պարտադիր չեն. Պետությունն ուղղակի որոշակի գործիքներ է կիրառում՝ համավարակի տարածումը կառավարելի դարձնելու համար. Նարեկ Զեյնալյան

«Վերջին երկու շաբաթվա կտրվածքով նկատվում է կորոնավիրուսի դեպքերի կայուն աճ, ինչը պայմանավորված է վիրուսի մուտացիայով՝ «դելտա» շտամով, որի վարակելիության աստիճանը շատ ավելի բարձր է»- այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյլանյանը:

Նա ընդգծեց, որ չնայած դրան՝ այնուամենայնիվ, պատվաստումները պարտադիր չեն և չեն կարող լինել. «Բայցևայնպես պետությունը կիրառում է որոշակի գործիքակազմ, որպեսզի բնակչությանը բերի դեպի պատվաստումներ, որովհետև սա է համավարակի դեմ պայքարի միակ միջոցը: ԱՊՀ երկրներում շատ ավելի խիստ մեթոդներ են կիրառում: Իսկ մենք հնարավորություն ենք տալիս բնակչությանը, որպես այլընտրանք, որոշակի ժամանակահատվածը մեկ անցնել թեստավորում, եթե անձը չի ցանկանում պատվաստվել»:

Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ հանրային առողջությունը շատ ավելի բարձր է, քան այդ ենթադրյալ մարդու իրավունքները. «Եվ այո՛, պետությունը պիտի շարունակի կիրառել որոշակի գործիքներ, որպեսզի բնակչության շրջանում ունենանք առնվազն 50 տոկոս պատվաստվածություն՝ համավարակի տարածումը կառավարելու դարձնելու մասին»: