Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դելտա շտամը ավելի հաճախ կհանգեցնի հոսպիտալացման, հիվանդանոցներում կարող են տեղերը սպառվել․ քննարկում՝ Մեդիա կենտրոնում

Դելտա շտամը ավելի հաճախ կհանգեցնի հոսպիտալացման, հիվանդանոցներում կարող են տեղերը սպառվել․ քննարկում՝ Մեդիա կենտրոնում
Հասարակություն
16:02, 05 август 2021
Վերջերս իրականացված հետազոտությունը փաստեց, այն ինչ արդեն ենթադրվում էր, որ ինչպես հարևան երկրում, այնպես էլ Հայաստանում հիմնականում շրջում է դելտա շտամը, որը ավելի վարակիչ է։ Բարձր վարակելիությունը նպաստում է նաև հաջորդիվ ավելի շատ ծանր դեպքերի և իհարկե առողջապահական համակարգի ծանրաբեռնման։ Այս մասին այսօր՝ Մեդիա կենտրոնում մեկնարկած «Հայաստանը պատվաստվածների թվով տարածաշրջանում վերջիններից է. ի՞նչ վտանգներ կան» թեմայով քննարկման ժամանակ, նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։ 

Քննարկման բանախոսներից Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ընդգծեց, որ Դելտա շտամը ավելի արագ է տարածվում, այսինքն, ավելի շատ մարդ է հիվանդանալու դրանով։ Նրա խոսքով՝ կան նաև տվյալներ, որ այն ավելի հաճախ է հանգեցնում հոսպիտալացման, այսինքն՝  մարդիկ պետք է իմանան, որ հիվանդանոցում կարող են տեղերը սպառվել։

«Մեր առողջապահական համակարգը կարող է հայտնվել այն ծանր իրավիճակում, որում մեկ տարի առաջ էր։ Սակայն լավ նորությունն այն է, որ երկու դեղաչափով պատվաստված մարդիկ գրեթե նույնչափ պաշտպանված են Դելտա շտամից, որքան վիրուսի այլ շտամերից։ Այս առումով հակազդելը հեշտ է», - ասաց պարոն Մելիք-Նուբարյանը, նշելով, որ մի շարք եվրոպական երկրներում փափուկ ուժի կիրառման են անցել, սահմանափակումներ են ներդրվել։ Մարդիկ ոչ կարևոր ժամանցային միջոցառումներին մասնակցելու համար պետք է ունենան պատվաստման փաստաթուղթ։ 

«Սա էլ պատվաստումները խթանելու տարբերակ է, քանի որ հանրային վայրերում, թե՛ վարակելու, թե՛ վարակվելու հավանականությունը բարձր է։ Այսինքն՝ անհատի շահի և հանրային շահի մեջ գտնում են բալանս, ելնելով տվյալ հասարակությունում առկա տեսակետներից ու տեսլականներից», - ասաց պարոն Մելիք-Նուբարյանը, հավելեով, որ իր անձնական կարծիքով, չպետք է թույլ տալ, որ ևս մեկ ծանր ալիք անցնի մեր երկրի և մեր ժողովրդի վրայով, քանի որ Հայաստանը դրանից խուսափելու բոլոր գործիքներն ունի։

ՀՎԿԱԿ բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ իր հերթին հավելեց, որ Հայաստանում, նույնպես, նախապատրաստվում  է որոշակի սահմանափակումների փաթեթ և նախագիծը արդեն շրջանառվում է․ «Այստեղ ավելի շատ այլընտրանք է նախատեսվում․ կա՛մ թեստավորում, կա՛մ ամբողջական պատվաստման սերտիֆիկատի ներկայացում, որը էլի ունի մի քանի նպատակ՝ խթանել պատվաստումները, բարձրացնել պատվաստումների պահանջարկը և կառավարել վարակի տարածումը»։