Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայրենիքը պաշտպանելու համար առաջնագծում երիտասարդներն են, բայց քաղաքականությամբ զբաղվելու դեպքում դա համարվում է «թերություն». Զարուհի Բաթոյան

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Նարեկ Զեյնալյանը:

«Օգոստոսի 12-ը Երիտասարդության օրն է: Նախևառաջ թույլ տվեք խոնարհումս բերել 44-օրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած երիտասարդների հիշատակի առջև»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Նա նաև երախտագիտություն հայտնեց թիկունքում աշխատանք կատարած երիտասարդ կամավորներին. «Երբ հայրենիքը պաշտպանելու կարիք կա, առաջնագծում երիտասարդներն են, երբ թիկունքում կամավորական աշխատանքի անհրաժեշտություն է առաջանում, կրկին գլխավոր դերերում երիտասարդներն են, բայց երբ հերթը հասնում է քաղաքականությանը և որոշումներ կայացնելուն, ապա երիտասարդ լինելը համարվում է «թերություն»:

Բաթոյանի խոսքով՝ երիտասարդների աջակցության ծրագրերն առաջ չեն գնա, եթե դրանցում չներգրավվեն երիտասարդ պատգամավորները, նախարարները: