Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիետնամցին կորոնավիրուսի տարածման համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Վիետնամցին կորոնավիրուսի տարածման համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Աշխարհ
18:03, 07 сентябрь 2021
Վիետնամում քաղաքացի Լե Վան Տրին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ Covid-19-ի կանոնները խախտելու և վիրուսը տարածելու մեղադրանքով, գրում է CNN-ը։
 
Դատարանը Լե Վան Տրիին մեղավոր է ճանաչել 8 հոգու «վտանգավոր վարակիչ հիվանդություններ փոխանցելու» մեջ, որոնցից մեկը մահացել է։
 
Մինչև վերջերս Վիետնամը խիստ սահմանափակումների միջոցով հաջողությամբ կարողացել էր պահել երկրում Covid19-ի տարածումը, սակայն վարակվածների թիվը հունիսից սկսել է աճել՝ հիմնականում վիրուսի «Դելտա» շտամով:
 
28-ամյա Տրին, ըստ տեղեկությունների, հուլիսի սկզբին մոտոցիկլետով Հո Շի Մին քաղաքից ուղևորվել է երկրի հարավում գտնվող Կա Մաու նահանգ:
 
Պարզվել է, որ Տրին հրաժարվել է պահել մեկուսացման կանոնները, իսկ տեղական իշխանություններն այն ժամանակ պարտադիր էին դարձրել այլ գավառներից Կա Մաու մեկնող ցանկացած անձի 21 օրով անհապաղ մեկուսանալը:
 
Հետագայում նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և պարզվել, որ նա վիրուսը փոխանցել է ընտանիքի անդամներին, ինչպես նաև այցելած բարեկեցության կենտրոնի աշխատակիցներին:
 
Տրին  ազատազրկման դատապարտվել է մեկ օր տևած դատավարությունից հետո, ինչպես նաև տուգանվել է 880 ԱՄՆ դոլարով։
 
Վիետնամում գրանցվել է ավելի քան 530.000 դեպք, ավելի քան 13.300-ը՝ մահվան ելքով։ Նրանցից մեծ մասը  վարակվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, իսկ դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Հոշիմին քաղաքում:
 
 
Սյուզի Սիրականյան