Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը ոչ մի տրամաբանական կապ չունի Սոչիի հայտարարության իրագործման հետ․ ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ Ադրբեջանին

Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը ոչ մի տրամաբանական կապ չունի Սոչիի հայտարարության իրագործման հետ․ ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ Ադրբեջանին
Միջազգային
00:04, 04 февраль 2022

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե 2 շաբաթ առաջ Հայաստանը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման նոր առաջարկներով, որոնցով հայկական կողմը որոշ պայմաններ է առաջ քաշել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։ 

«Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց առանց որևէ պայմանի», - հունգարացի պաշտոնակցի հետ Բաքվում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում նշել է Բայրամովը՝ հավելելով, որ սահմանների սահմանազատման հարցում «կրեատիվ» մոտեցումների կարիք չկա։

APA գործակալության համաձայն՝ Բայրամովը նաև Հայաստանին մեղադրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տապալելու համար։
 

«Ցավոք, հայկական կողմը խախտել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Դեռևս չենք տեսնում այդ հարցում հետևողականություն։ Երբեմն դրական ուղերձներ են ստացվում, երբեմն էլ լսում ենք այլ կարծիքներ, ինչը բարդացնում է իրավիճակը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց մանրամասներ նշելու։

Արմենպրեսն այդ առթիվ մի քանի հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ խոսնակին։

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

Պատասխան. Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է եւ հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորում:
Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ:
Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձեւակերպել:
Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ:
Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ:
 
Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նշել է, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ի՞նչ կասեք այս հայտարարության առիթով:
 
Պատասխան. Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է, և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երեւանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ:
Վարչապետ Փաշինյանը, գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են, և հույս ունենք՝ երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռքբերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է:
Նշենք նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչեւ օրս որեւէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը: