Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-ամերիկյան օրակարգում արցախյան հակամարտությունն անպայման կքննարկվի՝ գուցե փորձ արվի նոր ֆորմատ ձևավորել. միջազգայնագետ

Հայ-ամերիկյան օրակարգում արցախյան հակամարտությունն անպայման կքննարկվի՝ գուցե փորձ արվի նոր ֆորմատ ձևավորել. միջազգայնագետ
Միջազգային
18:31, 02 май 2022
«Հայ-ամերիկյան օրակարգում արցախյան հակամարտությունն անպայման կքննարկվի՝ գուցե փորձ արվի նոր ֆորմատ ձևավորել և նոր օրակարգ ձևավորել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները ԱՄՆ հովանու տակ կարգավորելու համար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցին։ 
 
Նշենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ մայիսի 2-6-ը մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: ՀՀ ԱԳՆ-ից ընդգծել են նաև, որ Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի։ 

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ ԱՄՆ-ը տևական ժամանակ է՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում որևէ ակտիվություն չի ցուցաբերել։ Մեր զրուցակիցը հայ-ադրբեջանական հարաբերությունները բաժանեց 2 մասի՝ Արցախի հարցի և հայ-ադրբեջանական սահմանային կարգավորման, ու ընդգծեց, որ դելիմիտացիա, դեմարկացիա և խաղաղության պայմանագրի մասով ԱՄՆ-ը չի մասնակցում՝ համենայնդեպս, բացահայտ կերպով: «Դա արվում է Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ և Ռուսաստանի գլխավոր շտաբում առկա քարտեզներին համապատասխան, համենայնդեպս Ռուսաստանի նախագահի պնդումը դա էր։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, Բլինքենի հետ հանդիպումներում միգուցե, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, փորձեն հարցեր քննարկել»,- հավելեց միջազգայնագետն ու հիշատակեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն պնդումը, որ դե ֆակտո Մինսկի խումբը կարծես թե չկա. «ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ջանքերը՝ վերակենդանացնելու Մինսկի խումբն այն պարագայում, երբ խմբի անդամ երկրներից 2-ը մեկի հետ կարծես թշնամական հարաբերություններ են սկսում ձևավորել, ես չեմ պատկերացնում։  Այդ պայմաններում հարց է առաջանում, թե հայ-ամերիկյան համագործակցությունը Մինսկի խմբի ձևաչափով՝ արցախյան և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, ինչ ուղղությամբ է գնալու»։ 

Գրիգոր Բալասանյանը հիշատակեց, որ հայ-ամերիկյան օրակարգում հիմնական հարցերը եղել են քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրը, ինչը, մեր զրուցակցի մեկնաբանմամբ, ԱՄՆ-ի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը, քննարկվող հարցերից է եղել  նաև Արցախի խնդիրը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ԱՄՆ-ի Հայ դատի համատեքստում, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի խնդիրը. «ԱՄՆ-ը միշտ փորձել է Հայաստանին ներքաշել հակաիրանական ոչ պաշտոնական կոալիցիայի մեջ, սակայն Հայաստանին միշտ հաջողվել է խուսանավել՝ բացառությամբ 2020թ.-ից առաջ, երբ ՀՀ վարչապետը, հանդիպելով ԱՄՆ այդ ժամանակ նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի հետ, նշեց, որ տեսականորեն հայ-իրանական սահմանը կարող է փակվել»։

Միջազգայնագետը իրատեսական է համարում, որ ռուս-ուկրաինական պատերազմի այս օրերին հայ-ամերիկյան օրակարգում ներառվեն ուկրաինական ճգնաժամին առնչվող հարցեր. «Կփորձեն Հայաստանին համոզել չօգնել Ռուսաստանին՝ շրջանցելու որոշակի սանկցիաներ բանկային համակարգի միջոցով, կամ կքննարկվի ՀՀ տարածքը ռուսական այն ընկերություններին տրամադրելու հարցը, որոնք այստեղ այսօր գրանցվում են և կարողանում են, ԵԱՏՄ շրջանակներն օգտագործելով,  Հայաստան ապրանք ներկրել և տեղափոխել ԵԱՏՄ տարածք։

Բայց կարծում եմ՝ ՀՀ ԱԳ նախարարը կշարժվի այն գծով, որն այսօր մենք վերցրել ենք՝ նաև հաշվի առնելով կարճ ժամանակ առաջ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև ստորագրված երկու երկրներին վերաբերող համագործակցային հայտարարությունը»։   

Նարա Մարտիրոսյան