Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ Պետդուման միաձայն վավերացրել է պայմանագրերը նոր սուբյեկտները Ռուսաստանի կազմի մեջ ընդունելու մասին

ՌԴ Պետդուման միաձայն վավերացրել է պայմանագրերը նոր սուբյեկտները Ռուսաստանի կազմի մեջ ընդունելու մասին
Միջազգային
17:54, 03 октябрь 2022
ՌԴ Պետդուման երկուշաբթի օրը կայացած նիստում միաձայն վավերացրել է չորս միջազգային պայմանագրերը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմի մեջ ընդունելու մասին։
Փաստաթղթերը ստորագրվել են Մոսկվայում սեպտեմբերի 30-ին։ Միջազգային պայմանագրերում, ի թիվս այլոց, խոսքը նոր սուբյեկտների սահմանների սահմանման մասին է: Հանրապետությունների և մարզերի սահմանները կորոշվեն այն տարածքների սահմաններով, որոնք «գոյություն են ունեցել դրանց կազմավորման և Ռուսաստանի Դաշնության մեջ ընդունվելու օրը»: Միջազգային պայմանագրերում պարզաբանվում է, որ սահմանները, որոնք կապված են օտարերկրյա պետության տարածքի հետ, կլինեն Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը:
 
Պայմանագրերում նշվում է նաև, որ սուբյեկտները Ռուսաստանի կազմի մեջ ընդունելու օրվանից կձևավորվեն երկու հանրապետություն և երկու մարզ, որոնք կպահպանեն ներկայիս անվանումները։ Նրանց ղեկավարները կստանան նահանգապետի կարգավիճակ։ Սուբյեկտների ղեկավարների պարտականությունները կատարողներին կնշանակի Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ սուբյեկտներին ընդունելու օրվանից 10 օրվա ընթացքում: Մարզային կառավարությունները կձևավորվեն նահանագապետերի պարտականությունները կատարողների կողմից՝ «Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան»։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Պետդումա է ներկայացրել դաշնային սահմանադրական օրենքների նախագծեր Ռուսաստանի կազմի մեջ սուբյեկտներին ընդունելու մասին, ինչպես նաև միջազգային պայմանագրեր՝ վավերացման։ Նախօրեին նաև Ռուսաստանի Սահմանադրական դատարանն է հավանություն տվել պետության ղեկավարի ներկայացրած փաստաթղթերին։