Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ռազմավարական խնդիրը՝ Ռուսաստան, թե՞ «միջազգային հանրություն»

Հայաստանի ռազմավարական խնդիրը՝ Ռուսաստան, թե՞ «միջազգային հանրություն»
Միջազգային
15:17, 20 апрель 2021
Պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է․

«Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել ԵԽԽՎ լիագումար նիստում հայ ռազմագերիների վերադարձի հարցի քննարկման թեմայով ՌԴ պատվիրակության քվեարկությունը: ՌԴ պատվիրակությունը քվեարկել է դեմ և ձեռնպահ: Դեմ են քվեարկել նաև թուրքերն ու ադրբեջանցիները:

Թերևս չարժե ՌԴ պատվիրակության քվեարկության հարցում ընկնել, այսպես ասած, դեսուդեն: Ի վերջո, խոշոր հաշվով, այստեղ էական չէ, թե ինչպես է քվեարկել այդ պատվիրակությունը: Այստեղ էական է այլ բան․ ինչպիսին է ՌԴ քաղաքականությունը թե՛ արցախյան հարցի, թե՛ հետպատերազմական Կովկասի հանդեպ: Թե ինչպիսին է եղել այդ քաղաքականությունն ու ինչպես է հանգեցրել Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի՝ կարծես թե բավականաչափ պարզ է:

Չկա «նենգ» կամ «ոչ նենգ» աշխարհ, այլ կան քաղաքական պարզ շահեր, հետաքրքրություններ, ընդհանրություններ և այլն, ինչն այլ կերպ կոչվում է պրագմատիկ քաղաքականություն: Եթե աշխարհը պետք է օգնի Հայաստանին լուծելու կարևոր հարցեր, բայց հետո հայկական պետականությունն ու պետական քաղաքականությունը շարունակեն դրանք ծառայեցնել Ռուսաստանի համար կարևոր հարցեր լուծելուն, ապա այդ օգնությունն աշխարհի համար չունի որևէ պրակտիկ նշանակություն և իմաստ, եթե չխոսենք հակառակի մասին: 

Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու «համազգային» մակարդակով «միակ փրկիչ» հռչակվածը Ռուսաստանն է, ոչ թե «միջազգային հանրությունը», այն Ռուսաստանը, որը ձեռնոց է նետել այդ միջազգային հանրությանը: Ընդ որում, այդ ձեռնոց նետելու գործընթացին տարբեր կերպ ներգրավվել է նաև Հայաստանը՝ սկսած 2012-13 թվականներից: 

Հետևաբար, մինչ միջազգային հանրությանը որևէ աջակցության համար դիմելը՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռեգիոնալ ռազմաքաղաքական նշանակության մարդասիրական հարցին, Հայաստանը պետք է կարողանա էական աշխատանք կատարել նույն այդ միջազգային հանրության հետ շահերի ընդհանուր միջավայր ձևավորելու ուղղությամբ, ինչպես արել և անում է Ռուսաստանի պարագայում: 

Հակառակ դեպքում աշխարհը կամ միջազգային հանրությունը «նենգ» չէ, այլ պարզապես հիմար չէ և առաջնորդվում է իրողությունների պրակտիկ գնահատմամբ, ինչը, մեղմ ասած, չէր խանգարի անել Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ մեր գերիների արագ ազատման համար:

Հայաստանի և հայկական հանրույթի համար գործնական առումով ավելի կարևոր է, թե ինչ է կատարվում Ռուսաստան-Արևմուտք հարաբերության տիրույթում, որովհետև Արևմուտքի հետ դիմակայության լայնամասշտաբ լարումը հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է գնահատելու, այսպես ասած, եվրասիական «միջնաբերդի» գաղափարը, ինչը նշանակելու է ռուսական քաղաքականության մեջ թուրք-ադրբեջանական տարրի գերակայության կամ գերազանցության բարձր հավանականություն:

Սա է Հայաստանի ռազմավարական խնդիրն ու մարտահրավերը, որը չեզոքացնելու ուղղությամբ պահանջվելու է բավականին մեծ ջանք՝ նկատի առնելով և այն, որ ակնհայտ են Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը Ռուսաստանի հանդեպ հավատարմության երդման մրցավազքի վերածելու թրենդը և գործադրվող տեխնոլոգիաները»: