Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնը կասկածում է, որ Ուկրաինան մոտ ապագայում կկարողանա հետ նվաճել Ղրիմը. Politico

Պենտագոնը կասկածում է, որ Ուկրաինան մոտ ապագայում կկարողանա հետ նվաճել Ղրիմը. Politico
Միջազգային
13:19, 02 февраль 2023
Ուկրաինական բանակը հազիվ թե կարողանա մոտ ապագայում ռուսական զորքերից հետ նվաճել բռնակցված Ղրիմը։ Նման գնահատական են հնչեցրել ԱՄՆ պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան պաշտոնյաներ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով կոմիտեի փակ ճեպազրույցում։ 

Թե ինչով է պայմանավորված այս գնահատականը՝ պարզ չէ, Politico-ին հայտնել են հանդիպման բովանդակությանը ծանոթ երեք աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ Պենտագոնը չի հավատում, որ Ուկրաինան ունի կամ մոտ ժամանակներս հնարավորություն կունենա թերակղզուց դուրս մղելու ռուսական զորքերը։ Ինչպես պնդում են պարբերականի զրուցակիցները, զեկուցողները հստակ նշել են դա։ 

Politico-ի չորրորդ աղբյուրը ճեպազրույցի բովանդակությունը «ավելի ոչ միանշանակ» է անվանել։ Նրա խոսքով՝ էականն այն է, որ Ուկրաինան, եթե որոշի անցնել Ղրիմի վերադարձի գործողությանը, չի կարող իր համար հաջողություն երաշխավորել։

Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը: «Ուկրաինայի՝ կռվելու և իր ինքնիշխան տարածքը հետ վերցնելու ունակությունը, ռուսական ագրեսիան հետ մղելու նրանց գերազանց արդյունքները և ռազմի դաշտում մշտական հարմարվողականությունը ինքնին խոսուն են»,- ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը։