Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ «Վիճելի տարածքներ» ձևակերպման, ԼՂ-ի հարցի կարգավորման մասին՝ ի պատասխան Factor.am-ի գրավոր հարցման

ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ «Վիճելի տարածքներ» ձևակերպման, ԼՂ-ի հարցի կարգավորման մասին՝ ի պատասխան Factor.am-ի գրավոր հարցման
Միջազգային
14:43, 17 май 2021
Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱՄՆ Պետքարտուղարություն՝ խոսնակ Ջալինա Փորտերի՝ մայիսի 14-ին Սյունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ կիրառած «վիճելի տարածքներ» արտահայտության մեկնաբանման խնդրանքով, և այսօր ստացվել է պատասխանը։ Հիշեցնենք՝ Հայաստանի հարավային սուվերեն տարածք Ադրբեջանի զինուժի ներխուժման փաստին արձագանքելով՝  ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջալինա Փորտերը կոչ էր արել Բաքվին «անհապաղ դուրս բերել զորքերը և հրաժարվել սադրանքներից»։

Խոսնակը շեշտել էր, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ իր խոսքում, սակայն, կիրառելով այսպիսի ձևակերպում․ «Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի բոլոր զորքերը և կհրաժարվի հետագա սադրանքներից»։ Չնայած սուր քննադատությանը Բաքվի հասցեին և նրա գործողությունների կոշտ դատապարտմանը, Պետքարտուղարության պաշտոնյա Ջալինա Փորտերի օգտագործած «վիճելի տարածքներ» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Factor.am-ը ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղել է հետևյալ հարցերը․ «Օգտագործված «վիճելի տարածքներ» արտահայտությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը կասկածի տակ է դրել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ նշանակությամբ է օգտագործվել «վիճելի տարածքներ» արտահայտությունը։ Արդյոք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության`ՄԱԿ-ի կողմից  ճանաչված սահմանային տարածքներ ներխուժումից հետո ԱՄՆ-ն դրանք համարո՞ւմ է վիճարկելի երկու կողմի միջև: Ադրբեջանը, որի նախագահը հայտարարել է, թե «ուժով միջանցք է բացելու Զանգեզուրով (Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով) դեպի Նախիջևան», մայիսի 16-ին սկսել է 15 000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն՝ սահմանային լարման իրավիճակում։

Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահի սպառնալիքի և լարվածության պայմաններում մեծամասշտաբ զորավարժություն սկսելու կապակցությամբ»։ ԱՄՆ Պետքարտուղարությունից ստացված պաշտոնական պատասխան նամակում ասվում է․ «Մենք լրացուցիչ պարզաբանումներ ենք փնտրում Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ այն տարածքում, որտեղ սահմանի միջազգային սահմանազատում չկա։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է և ողջունում ենք նրանց հանձնառությունը այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Մենք կողմերին հորդորում ենք պաշտոնական քննարկումներ սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»։